Սպիտակի երկրաշարժի դասերը և աղետի գոտու վերականգնման խնդիրները

Նախաբան

20-րդ դարի վերջին, իսկ ավելի ճշգրիտ 1988 թվականին, Հայաստանի բնակչությունը և ամբողջ հայ ժողովուրդը երկու մեծ ցնցում ապրեցին: Դրանցից առաջինը ղարաբաղյան շարժումն էր, որը վերաճեց Արցախի ազատագրական պատերազմի և ավարտվեց հայ ժողովրդի հաղթանակով: Չնայած մարդկային և նյութական մեծ կորուստներին, այսօր Արցախը անկախ է և Մայր Հայաստանի հետ միասին նոր կյանք է կառուցում: Երկրորդը Սպիտակի երկրաշարժն էր, որը իր երկու` իրար հաջորդող հզոր ցնցումներով Հայաստանի Խորհրդային Հանրապետության մի զգալի հատվածը՝ 700 հազարից ավել բնակչությամբ, մի քանի վայրկյանում վերածեց աղետի գոտու: Բնական աղետից մարդկային ու նյութական կորուստները շատ ավելին եղան, քան արցախյան ազատամարտի 6 տարիներին, իսկ հետևանքները ավելի ծանր, որոնք լիովին դեռ հաղթահարված չեն, թեև 20 տարի է անցել 1988 թ. դեկտեմբերի 7-ից հետո:


1988 թվականի այս երկու մեծ ցնցումները նաև երկու մեծ արտակարգ իրավիճակներ ստեղծեցին հայ ժողովրդի համար, որոնցից դուրս գալու համար մեր նորանկախ հանրապետությունը ստիպված էր մեծ ջանքեր թափել և շարունակելու է դա անել՝ վերջնականապես հաղթահարելու համար դրանց հետևանքները: Անհրաժեշտ է, որ հայ ժողովուրդը միավորի իր ջանքերը լրջագույն այդ երկու խնդիրները լուծելու համար, իսկ դրա համար նա պետք է լավագույնս իրազեկված լինի դրանց մասին:
Արցախի հիմնախնդրի մասին մեր ժողովուրդը, նաև երիտասարդությունը, ինչ որ չափով տեղեկացված են, այն արդեն դպրոցական դասագրքերի նյութ է դարձել և գրեթե ամեն օր լուսաբանվում է հեռուստատեսությամբ, ռադիոյով, իսկ այժմ նաև ինտերնետի միջոցով: Նույնը չի կարելի ասել Սպիտակի երկրաշարժի մասին, որի դասերը լիովին չեն ընկալվել մեր ժողովրդի կողմից: Խոսքը այստեղ ոչ միայն բուն երկրաշարժի և նրա պատճառած ավերածությունների մասին է, այլ այն սխալների, որ նախորդեցին և հաջորդեցին երկրաշարժին և որոնց պատճառով աղետի գոտու վերականգնման խնդիրների լուծումը դժվար ընթացք ունեցավ:
Երկրաշարժի առաջին օրվանից՝ 1988 թ. դեկտեմբեր 7-ից սկսած մինչև 1989 թ. սեպտեմբերի 7-ը (ուղիղ 9 ամիս) աշխատելով աղետի գոտում իմ դասընկերներ, հիանալի հայեր ու լավ մասնագետներ Ա. Գրիգորյանի ու Ս. Ալիխանյանի հետ, որոնք, ցավոք, այլևս մեզ հետ չեն, մի նպատակ էինք հետապնդում, ավերումից փրկել երկրաշարժի ազդեցությունը համեմատաբար լավ տարած շեքերը: Զննումների արդյունքները եղան 100-ից ավելի եզրակացություններ, որոնք մենք գրեցինք Լենինականի, Ախուրյանի և շրջակա գյուղերի բնակելի ու հասարարական շենքերի համար: Մեզ հաջողվեց քանդելուց փրկել մի 4 տասնյակ շենք, ոչ ավելին. ավերող, քանդող ուժերը ավելի հզոր գտնվեցին և նրանք Լենինականին ու Ախուրյանին ավելի մեծ վնաս հասցրեցին, քան երկրաշարժը ինքը:
1989 թ. սեպեմբերին ես ստիպված էի երկարատև գործուղման մեկնել արտասահման: Մեկնելուց առաջ տպագրության պատրաստեցի մի ծավալուն ելույթ, որը հանրագումարն էր իմ բոլոր ելույթների՝ հանրապետական ռադիոյով, Լենինականի գլխավոր հատակագծի քննարկումների ժամանակ, ինչպես նաև մեր կողմից կատարված հետազննումների որոշ արդյունքների, որոնք ամփոփված էին մեր հաշվետվություններում: Սակայն, զանազան պատճառներով, իմ այդ ելույթը այն ժամանակ լույս չտեսավ: Այժմ, 19 տարի անց, հնարավորություն կա ոչ միայն տպագրել, այլ այն տեղադրել մեր կողմից ստեղծվող ինտերնետային կայքում: Վերընթերցելով 19 տարի առաջ գրածս, գտա, որ իմ ելույթը հարկավոր է լույս ընծայել այնպես, ինչպես գրել եմ այն ժամանակ, ոչինչ չփոխելով, անգամ քաղաքների անվանումները, որպեսզի ընթերցողին հասկանալի լինեն իմ այն օրերի մտավախություններն ու մտահոգությունները, որոնցից մեծ մասը, ցավոք սրտի, իրականություն դարձան: Լենինականը օտար արտասանությամբ այսօր կոչվում է Գյումրի, Կումայրու փոխարեն, Կիրովականը՝ Վանաձոր, Ղուկասյանը՝ Աշոցք, Կալինինոն՝ Տաշիր, Բոգդանովկան՝ Նինոծմինդա: Անգամ անվանափոխության հարցում Լենինականցիների բախտը չբերեց և հույժ կարևոր է, որ լավ ապագայի արժանի մեր սիրելի քաղաքը ունենա հայերեն հնչողությամբ անվանում:
Ցավալի է նաև, որ Սպիտակի երկրաշարժի մասին նյութերը, որոնք սփռված են աշխարհով մեկ, մինչև այժմ հավաքված չեն ինտերնետային հայկական մի որևէ կայքում, ինչը հնարավորություն կտար մեր նոր սերնդին և հատկապես շինարարի մասնագիտություն ստացող ուսանողներին ավելի հեշտությամբ ծանոթանալ այդ նյութերին: Կարծում եմ, որ մեր համախոհների օգնությամբ այս անգամ մեզ կհաջողվի իրականացնել մեր այս վաղեմի ցանկությունը:
Վերականգնման և վերակառուցման աշխատանքները Լենինականում, Ախուրյանում ու մի շարք այլ բնակավայրերում հենց սկզբից սխալ ընթացք ստացան և ոչ մի կերպ հնարավոր չեղավ ազդել այդ վնասակար գործընթացների վրա, քանի որ խորհրդային և ապա նորանկախ Հայաստանի իշխանությունները արդյունավետ չէին գործում ի շահ մեր ժողովրդի: Հետագայում, մեր հանրապետության ղեկավարությունը Նախագահ Ռ. Քոչարյանի անմիջական մասնակցությամբ ստիպված էր մեծ ջանքեր թափել այդ սխալները ուղղելու համար, բայց լիովին վերացնել դրանք չհաջողվեց և 19 տարի անց էլ աղետի գոտու վերականգնման խնդիրները լիովին լուծված չեն:
Սպիտակի երկրաշարժի հետևանքների ուսումնասիրության նախնական արդյունքների, ինչպես նաև աղետի գոտու վերականգնման աշխատանքների կազմակերպման ընթացքում թույլ տրված սխալների լուսաբանմանը նվիրված մեր այս փոքրիկ աշխատանքը մտածելու առիթ կտա բոլոր նրանց, որոնք անտարբեր չեն մեր երկրի և իրենց անձնական անվտանգության հանդեպ:

Ներածություն

Եթե մարդ գտնվում է դաշտում, ապա անգամ շատ ուժեղ երկրաշարժի հետևանքը կլինի միայն վախը, ուրիշ ոչինչ: Երկրաշարժը շատ կարճ է տևում 15-25 վայրկյան, բայց քանի որ հանկարծակի է և գետինը փախչում է մարդու ոտքերի տակից, սկզբում նույնիսկ չի էլ հասկացվում, թե ինչ է տեղի ունենում, և միայն հետո է մարդ կռահում, որ տեղի է ունեցել երկրաշարժ և անմիջապես էլ մտածում է իր տան, շենքի, գյուղի կամ քաղաքի մասին: Ահա գյուղում կամ քաղաքում է, որ պատկերը այլ է: Փողոցում գտնվող մարդը կարող է ականատես լինել, թե ինչպես է փլվում բարձրահարկ կամ նույնիսկ ցածրահարկ շենքը, բայց և նկատում է, որ որոշ բարձրահարկ շենքերի ոչինչ չի լինում, դրանք մնում են իրենց տեղում անվնաս, նույնիսկ առանց ճաքերի, նույնը որոշ լավ կառուցված ցածրահարկ շենքերը: Շենքերում գտնվող մարդիկ այդ բոլորը չեն կարող տեսնել, նրանք խուճապահար դուրս են փախչում իրենց կացարաններից: Իհարկե, եթե վստահ լինեին իրենց շենքի ամրության վրա և մի քիչ էլ վարժված, ապա հանգիստ կմնային իրենց տեղում: Այս բոլորը տեսան և զգացին Սպիտակի, Լենինականի, Կիրովականի, Ստեփանավանի և շատ այլ բնակավայրերի բնակիչները: Եվ հարցը, որ հնչում է այն է, թե արդյո՞ք հնարավոր էր այնպես կառուցել, որ չլինեին այդ ահավոր ավերածություններն ու հսկայական մարդկային զոհերը: Պատասխանը միանշանակ է, հնարավոր էր, բայց այդպես չեղավ, և մենք ապահովագրված չենք, որ նման ողբերգություն մեզ հետ չի կրկնվի Հայաստանի մեկ այլ շրջանում: Եվ նորից հարց է առաջանում, թե եթե գիտենք ինչպես կառուցել, որ ապագա ուժեղ երկրաշարժերից շենքերը չավերվեն, ինչն է խանգարում, որ այդպես անենք: Խանգարում են մեր ազգային որոշ գծեր, մոռացկոտությունը, ծուլությունը, եսասիրությունը և էլի շատ բաներ, որ մեզ խանգարում են նորմալ ապրել մեր անկախ երկրում ահա արդեն ոչ քիչ տարիներ: Մեր երկրում կային և հիմա էլ կան սեյսմակայուն շինարարություն կորիֆեյներ, գիտնականներ, կրթություն ստացած նախագծողների և շինարարների հսկայական բանակ, բայց չկար (և հիմա էլ երևի չկա) սեյսմակայուն շինարարության պարզագույն սկզբունքների պահպանման և կիրառման ցանկություն ու կամք (իսկ թե ինչու չկար, այլ խոսակցության նյութ է):
Մինչև 1926 թվականի Լենինականի երկրաշարժը, Հայաստանում, մասնավորապես Երևանում ու Լենինականում, շենքերը կառուցվում էին քարե պատերով, որոնցում օգտագործվում էր կրային շաղախ, իսկ ծածկերը կամ միջհարկային ծածկերը անում էին փայտից: Շենքերի ամրության հարցերը լուծում էին, հաշվի առնելով շինարարության բազմադարյան փորձը, այդ թվում նաև ավերիչ երկրաշարժերի փորձը: 1926 թվականի երկրաշարժի հետևանքները ուսումնասիրելուց հետո արվեցին ճիշտ հետևություններ, այն է, որ քարե պատերը իրենց վրա կարող են բավական լավ կրել ծածկերից և միջհարկային ծածկերից եկող ծանրությունը, բայց շատ թույլ են, երբ կա երկրաշարժի հորիզոնական ազդեցությունը, հատկապես, եթե միջհարկային ծածկերը մի միասնական ամուր վահան չեն կազմում (քանի որ առանձին գերաններից են կազմված) և ամուր չեն կապված պատերի հետ: Այդ ժամանակ էլ առաջարկվեցին միջոցառումներ, ապահովելու համար միջհարկային ծածկերի ամուր կապը պատերի հետ (սեյսմակայունության գոտիներ), մեծացնելու հենց իրենց՝ ծածկերի ամրությունը և կոշտությունը, ինչպես նաև բացվածքների (դռների և լուսամուտների) ամրությունը մեծացնելու ուղիներ: Այդ բոլոր միջոցառումները նախատեսված էին քարե պատերով շենքերի համար և 1937 թվականի Երևանի երկրաշարժը ցույց տվեց, որ դրանք ճիշտ կիրառելու դեպքում շատ են օգնում շենքերի դիմադրության բարձրացմանը երկրաշարժի դեպքում: Հետո եկավ երկաթբետոնի դարը, մի շինանյութ, որն իր էությամբ հնարավորություն էր տալիս կառուցել երկրաշարժին դիմագրավող բացարձակ դիմացկուն շենքեր: Խնդիրը շատ պարզ էր, պետք է ճիշտ օգտագործվեր նրա այդ հատկությունը: Լենինականում կային կառուցված միաձույլ երկաթբետոնից միջհարկային ծածկերով ու սյուներով շենքեր (օրինակ կահույքի մի արտադրամաս), որը բոլորովին չէր տուժել երկրաշարժից: Սակայն 50-ական թվականերից հետո կուսակցական հրահանգով սկսեցին իրականացվել հավաքովի երկաթբետոնից շենքեր (թղթե տնակներ), խախտելով երկաթբետոնի բնական առավելությունը, որով կարելի էր կառուցել երկրաշարժերին դիմագրավող, իսկապես բացարծակ ամուր շենքեր: Որպես հարավային հանրապետություն մեզ բոլորովին պետք չէին հսկայական էներգիա կլանող հավաքովի երկաթբետոնի գործարանները, շենքերը պետք է շարունակեին կառուցել միաձույլ երկաթբետոնից և կատարելագործվեին դրանց օգտագործման ձևերը: Դրա փոխարեն մեր նախագծողներն ու ինժիներները մեծ ոգևորությամբ (կուսակցական ցուցումով) սկսեցին հնարել հավաքովի շենքերի նորանոր ձևեր և լուծումներ, ավելի ու ավելի հեռանալով միաձույլ երկաթբետոնի էությունից և ընձեռած առավելություներից: Արդյունքում մենք ունեցանք հավաքովի երկաթբետոնից այնպիսի անհեթեթ կառուցվածքի բնակելի շենքեր (111 սերիայի), որոնք ուղղակի փլվեցին թղթե տնակների նման Սպիտակի երկրաշարժի ժամանակ: Այն շենքերը, որոնցում շատ չէին խախտվել միաձույլ երկաթբետոնի էությունը (խոշորապանել 1А-451 КП սերիայի), դիմացան երկրաշարժին: Մյուս շենքերի վարքը նույնպես կախված էր նրանից, թե ինչ չափով էր խախտված երկաթբետոնի միաձուլության սկզբունքը: Մոռացության էին տրվել քարե պատերով շենքերի դիմադրությունը մեծացնող միջոցառումները՝ սեյսմակայունության գոտիները կամ դրանք իրականացվել էին խախտումներով: Վերջին հաշվով չէր գործում կամ չկար ազգի անվտանգության գաղափարը, որը չէր գործել կամ էլ չէր եղել նախկինում էլ, ուրիշ պարագաների դեպքում: Այդ թղթե տնակներից շատ են կառուցվել հանրապետության տարբեր քաղաքներում, մասնավորապես Երևանում: Ստացվում է, որ մեր ժողովրդի բախտը նորից բնության (թե՞ աստծո) ձեռքին է, իսկ ինչպես հայտնի է նա այնքան էլ բարեհաճ չէ մեր նկատմամբ: Տնտեսական դժվարությունների պայմաններում, բնական է, ծրագրեր կազմել այդ շենքերի ուժեղացման վերաբերյալ հնարավոր չէ, մեծ փողեր են պետք, բայց չպետք է մոռանալ նաև երկրաշարժի վտանգի մասին: Գոնե պետք է հետևել, որ շենքերին լրացուցիչ վնասներ չհասցվեն, իսկ նոր կառուցվող շենքերում ձգտել թույլ չտալ անցյալում կատարված սխալները: Ահա այս նպատակով է, որ որոշեցի լույս ընծայել դեռ 19 տարի առաջ գրած իմ այս փոքրիկ աշխատանքը, որը թեև գիտական հոդված չէ և գրված է երկրաշարժի հետևանքների ուսումնասիրության սկզբնական տպավորության տակ, կարող է օգտակար լինել շատերի և հատկապես շինարարական մասնագիտություն ստացող ուսանողների համար:
Հիշեցնենք, որ Սպիտակի երկրաշարժի գլխավոր ցնցումը տեղի ունեցավ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը 11 անց 41 րոպեին, որին 4 րոպե անց հետևեց երկրորդ հզոր ցնցումը, որը իր ուժգնությամբ քիչ էր տարբերվում գլխավոր ցնցումից: Ըստ Ռիխտերի սանդղակի գլխավոր ցնցումի ուժգնությունը կազմել էր 6,8 մագնիտուդ, իսկ երկրորդինը՝ 5,9: Այս երկու հզոր ցնցումներին հաջորդեցին հարյուրավոր ետցնցումներ՝ աֆտերշոկեր, իսկ երկրաշարժի հաջորդ օրն իսկ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 6-ին տեղի էին ունեցել երկու ֆորշոկեր, որոնց մասին հաղորդում չէր եղել: Հետագայում Սպիտակի երկրաշարժը մանրամասն ուսումնասիրվեց խորհրդային և օտարերկրյա մասնագետների կողմից և որի մասին կարելի է կարդալ մեր աշխատանքի վերջում բերված գրականության մեջ:

ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԴԱՍԵՐԸ ԵՎ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Չինաստանում և մի շարք այլ երկրներում, որտեղ ուժեղ երկրաշարժեր են լինում, կան դասընթացներ, որոնց նպատակն է բնակչությանը տալ տարրական գիտելիքներ երկրաշարժերի մասին, ինչպես մեզ մոտ դա արվում է քաղաքացիական պաշպանությունից: Հայ ժողովուրդը, որի դառը ճակատագրի անկապտելի մաս են կազմել երկրաշարժերը և որին գուցե այդ գիտելիքները շատ ավելին են պետք քան չինացիներին, այսօր զուրկ է այդ գիտելիքներից: Բայց անհերքելի է, որ երկրաշարժից պաշտպանվելու խնդիրը, հատկապես Սպիտակի երկրաշարժից հետո, հայ ժողովրդի գոյապահպանման համազգային ծրագրի բաղկացուցիչ մասը պետք է կազմի, ինչպես լեզվի կամ ազգային մշակույթի պահպանման խնդիրը: Այդ պատճառով էլ երկրաշարժերի և նրանցից պաշպանվելու մասին գիտելիքների տարածումը ժողովրդական լայն զանգվածների մեջ առաջնահերթ խնդիր պետք է դառնա զանգվածային ինֆորմացիայի միջոցների և «գիտելիք» ընկերության համար: Այդ նպատակն են հետապնդում նաև մեր այս զրույցները, որոնք չնայած նախատեսված են քիչ թե շատ պատրաստված ընթերցողի համար, բայց մտածելու առիթ կարող են տալ շատերին:

1. Ի՞նչ ցույց տվեց 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժը

Մեր պատմիչները գրում են, որ ոչ թուրք–սելջուկների ավերածությունները և ոչ էլ երկրաշարժը կործանեցին հոյակապ քաղաք Անին, այլ բարքերի անկումը: Աղաների տղաները եկեղեցի ձիով էին մտնում: Եվ ակամայից ուզում ես հարցնել, թե արդյո՞ք պատմությունը չի կրկնվում մեր օրերում:
Հիմա հաճախ կարելի է լսել դատողություններ այն մասին, որ շենքերի զանգվածային փլուզումները Լենինական, Սպիտակ, Կիրովական և այլ քաղաքներում և որպես հետևանք մարդկային հսկայաքանակ զոհերը տեղի ունեցան, քանի որ Սպիտակի երկրաշարժը եղել է չտեսնված ուժի: Իհարկե, մեղավոր են նաև շինարարները, որոնք կառուցել են անորակ: Թվում է, ուրիշ մեղավորներ կարելի է չփնտրել: Բայց արդյո՞ք դա այդպես է: Դրա համար պետք է իմանալ մի շարք հարցերի պատասխանները, որպեսզի լավ հասկանալ տեղի ունեցածի էությունը, ապագայում նման ողբերգություններից խուսափելու համար:
Առաջին հարց. հնարավոր էր արդյո՞ք կանխագուշակել Սպիտակի երկրաշարժը: Շատերը պնդում են, քանի որ ներկայումս գիտությունը դեռ ի վիճակի չէ դրական պատասխան տալ այդ հարցին, հետևաբար հնարավոր չէր: Իսկ դա նշանակում է արդյո՞ք, որ կանխագուշակման հարցերով չպետք է զբաղվել: Հայտնի են մի շարք հաջող կանխագուշակումներ, օրինակ 1975թ. Չինաստանի երկրաշարժը, երբ մի ամբողջ տարի երկրաշարժի զարգացման հետևելուց հետո, մեկ ամիս առաջ պարզ էր դրա էպիկենտրոնի տեղը, ուժգնությունը և առաջանալու մոտավոր ժամանակը: Իսկ 8 ժամ առաջ ճշտելով նաև առաջացման ժամանակը, չինացի մասնագետները համոզվեցին, որ բնակչությանը պետք է էվակուացնել: Քանի որ երկրաշարժը լինելու էր երեկոյան, զբոսայգիներում անվճար կինոցուցադրումների միջոցով բնակիչներին դուրս հրավիրեցին տներից: Կատաստրոֆիկ երկրաշարժը մեծ ավերածություններ պատճառեց, բայց մարդկային զոհեր համարյա չեղան: Չնայած, նույն այդ Չինաստանում, հաջորդ՝ 1976թ. տեղի ունեցավ մի կործանարար երկրաշարժ, որի կանխագուշակմամբ նույնպես զբաղվել էին, բայց չէին կարողացել ճիշտ որոշել առաջանալու ժամանակը, որի հետևանքով 500 հազարից ավել մարդ զոհվեց: Այս օրինակն էլ, այնուամենայնիվ, ցույց է տալիս, որ կանխագուշակման հարցերով պետք է զբաղվել: Դեռ 10-15 տարի առաջ մեր երկրում նույնպես միջոցներ բաց թողնվեցին այդ նպատակի համար, մի շարք ինստիտուտներում, ինչպես օրինակ Լենինականի գիոֆիզիկայի և ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտում ստեղծվեցին կանխագուշակման լաբորատորիաներ: Օգտագործվում են մի շարք մեթոդներ, երկարաժամկետ կանխագուշակման համար՝ երկրի մակերեսի դեֆորմացիաների գեոդեզիական չափումների միջոցով, միջին և կարճաժամկետ կանխագուշակումների համար՝ երկայնական և լայնական սեյսմիկ ալիքների արագությունների հարաբերության փոփոխության միջոցով, գրունտային ջրերի մակարդակի, ջերմության և քիմիական կազմի փոփոխության միջոցով և այլն:
Բայց մեր մասնագետները, որոնք այդ պրոբլեմի լուծմամբ են զբաղված, ամեն ի՞նչ են արել, որ կանխագուշակեին Սպիտակի երկրաշարժը: Այսօր արդեն պարզվում է, որ այդ երկրաշարժի կանխագուշակմամբ ոչ ոք չի զբաղվել, չնայած նախանշաններ եղել են և երկարաժամկետ և կարճաժամկետ կանխագուշակումների համար, բայց ոչ ոք դրանց ուշադրություն չի դարձրել: Նույնիսկ ավելին, սեյսմոլոգների քարտեզի վրա Սպիտակի շրջանը նշված է որպես «հանգիստ գոտի», պարզ է, որ հավատալով այդ կախարդական բառակապակցությանը հազիվ թե որևե մեկը զբաղվեր այդ էպիկենտրոնով: Ճիշտ է, այժմ ամոթխած փորձեր են արվում, ցույց տալու համար, որ կանխագուշակման փորձեր այնուամեայնիվ արվել են, բայց դա ոչ մի նշանակություն չունի, քանի որ, համենայն դեպս, ժողովրդին փրկելու համար ոչինչ չի արվել: Նույնիսկ դեկտեմբերի 6-ի երկու ֆորշոկերի մասին ժամը 19.30-ին և 22-ին հաղորդում չեղավ, չնայած դրանք բավականաչափ ուժեղ էին եղել: Իսկ երկրաշարժից մի քանի օր առաջ հաղորդումն այն մասին, որ Թուրքիայի տարածքում թունավոր կարիճները միգրացիա են անում, ընդհանրապես անուշադրության էր մատնվել: Սակայն մեր կարծիքն այն է, որ Սպիտակի երկրաշարժն, այնուամենայնիվ, կանխագուշակված է եղել, միայն թե ոչ մեր բարեկամների կողմից: Դա ցույց է տալիս քաղաքական անցուդարձը, որը նախորդեց երկրաշարժին ընդհուպ մինչև դեկտեմբերի 6-ը:
Երկրորդ հարց. արդյո՞ք ճիշտ է կազմված եղել Հայկական ՍՍՀ-ի տարածքի սեյսմիկ շրջանացման քարտեզը: Այսօր արդեն պարզ է, որ ո՛չ: Եվ այստեղ մեղքը ոչ միայն սեյսմոլոգներինն է, որոնք անմիջականորեն զբաղվել են այդ հարցի լուծմամբ, այլ նաև երկրաբաններինը, գիոֆիզիկոսներինը և այլն: Զրույցներից նրանց հետ պարզվեց, որ նրանք քիչ են զբաղվել երկրաբանական խզվածքների ուսումնասիրությամբ, այդ հարցում այսօր էլ պարզություն չկա: Քիչ է ուսումնասիրված հանրապետության տարածքի սեյսմոտեկտոնիկան, պատկերացումներ չկան նախկինում տեղի ունեցած երկրաշարժերի առաջացման մեխանիզմների մասին և այլն: Հայտնի է, որ հայ պատմիչերը թողել են մի շարք երկրաշարժերի մանրամասն նկարագրությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանի տարածքում: Թվում է, որ այդ տվյալների օգտագործումը սեյսմոլոգներին հնարավորություն կտար Հայաստանի տարածքի համար ավելի ճշգրիտ սեյսմիկ շրջանցման քարտեզ կազմել, քան այն տեղերի համար, որտեղ այդպիսի տվյալները բացակայում են: Հատկապես, որ որոշ գիտնականներ տագնապով նախազգուշացնում էին այդ մասին: Ահա թե տառացիորեն ինչ է գրում Ա.Ա. Նիկոնովը դեռ 1984թ. իր «Երկրաշարժեր» գրքում. «Անդրկովկասի մի շարք շրջանների համար ընդունված է 8 բալ, թեև այդ տեղերում նախկինում եղել են 9 բալ ուժգնությամբ երկրաշարժեր: Գտնվել են լրացուցիչ, ուղղակի վկայություններ հայերեն լեզվով, կատարվել են քանակական գնահատումներ, ուսումնասիրվում են պատմա-ճարտարապետական նյութերը: Միայն թե, եթե մենք չենք ուշացել հարցը փակել: Իսկ եթե հանկարծ (տարի, տասնամյա՞կ) և բնությունը կարող է մեզ դաժանորեն պատժել»:
Իսկ իրականում ամեն ինչ հակառակն է եղել: 1940թ. սեյսմիկ շրջանացման քարտեզի վրա Լենինականը, Սպիտակը, Կիրովականը ինչպես նաև Քաջարանը և Ղափանը համարվել են 8 բալանոց շրջաններ: Հաշվի առնելով 1931թ. Զանգեզուրի երկրաշարժը այնտեղ նույնիսկ երկու շրջան համարվել են 9 բալանոց: Ընդհակառակը, Վայոց ձորի, Սիսիանի, Դվինի շրջանները, որոնք հայտնի են նախկինում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերով, մտցվել են 6 բալանոց գոտու մեջ: Հետո եղել են Հայկական ԽՍՀ-ի տարածքի շրջանացման քարտեզի երկրորդ և երրորդ տարբերակները 1951 և 1957թթ. որոնցում կատարվել են ճշգրտումներ, բայց, չգիտես թե ինչու, Զանգեզուրի շատ շրջանների վերագրավել է 7 բալանոց գոտի: Ընդ որում հաշվի չեն առնվել, կամ ուղղակի մոռացվել են 1931թ. Զանգեզուրի ավերիչ երկրաշարժի հետևանքները: 1967թ. կազմվել է սեյսմիկ շրջանցման քարտեզի չորրորդ տարբերակը, որտեղ Հայկական ԽՍՀ-ի տարածքը հիմնականում մտցվել է 8 բալանոց գոտու մեջ, իսկ Զանգեզուրի շրջանը, հիշելով 1931թ. երկրաշարժը, լրիվությամբ դարձվել է 8 բալանոց: Արդեն հաջորդ, 1968թ. Զանգեզուրում տեղի ունեցավ 8 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որը հաստատեց ուշացումով կատարված ուղղման ճշտությունը: Ի դեպ, այն ժամանակ արդեն կային նախանշաններ, որ Սպիտակի շրջանում ձևավորվում է երկրաշարժ, 1967թ.գրանցվել են ցնցումներ, բայց սեյսմիկ շրջանացման քարտեզի նոր տարբերակում, որի վրա աշխատանքները սկսվել էին 1973 թ. սկսած, այդ հանգամանքը հաշվի չառնվեց, չնայած 1975 և 1978 թթ. Սպիտակում տեղի էին ունեցել բավական մեծ ուժի երկրաշարժեր:
Ընդհակառակը, 1978 թ. սեյսմիկ շրջանացման քարտեզի վրա Սպիտակ և Կիրովական քաղաքները, ինչպես նաև Ստեփանավանը, Ապարանը, Կալինինոն և Սևանը, չգիտես թե ինչու, դարձվեցին 7 բալանոց, այսինքն մեկ բալով իջեցվեցին, որը նշանակում է հնարավոր մեծագույն ուժի երկրաշարժի ուժգնությունը այդ շրջանների համար փոքրացվեց երկու անգամ: Այսպիսի «վայ ճշգրտումը», որը կատարվել էր առանց խորը գիտական վերլուծության, եղած սեյսմոլոգիական, երկրաբանա-գեոֆիզիկական տվյալների, իհարկե, ոչ մի լավ բան չէր կարող խոստանալ:
Շատերը այս հարցում մեղավոր են ճանաչում միութենական մինիստրություններին, որոնք շահագրգռված են եղել բալի իջեցման մեջ, շինարարությունը էժանացնելու նպատակով: Բայց արդյո՞ք մինիստրություններն են որոշում ժողովրդի բախտը, իսկ ինչի՞ համար են գիտական և նախագծային հիմնարկությունները, կուսակցական և խորհրդային մարմինները, վերջապես հանրապետության ղեկավարությունը:
Հաճախ անճշտություններ են թույլ տրվել նաև քաղաքների սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզները կազմելիս: Որպես օրինակ կարելի է նշել Լենինականի սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզը: Վաղուց նկատվել էր, որ որտեղ էլ գտնվելիս է եղել երկրաշարժի էպիկենտրոնը, նրա ուժգնությունը Լենինականի տարածքում ավելի մեծ է եղել, քան ուրիշ տեղերում: Տրամանաբանական էր ենթադրել, որ դա կապված է գրունտային պայմանների հետ, բայց այդպիսի եզրակացության համար բացակայում էին երկրաբանական և հիդրոերկրաբանական տվյալներ: Ի դեպ, ամերիկացի սեյսմոլոգները այդ երևույթը անմիջապես նկատել էին 1988թ. դեկտեմբերի 31-ի աֆտերշոկի գրանցումների հիման վրա, որի էպիկենտրոնը գտնվում էր Սպիտակի և Կիրովականի միջև: Լենինականում գետնի ցնցումները ավելի մեծ ուժգնությամբ էին եղել, քան կարելի էր սպասել:

քարտեզ

Նկ․ 1, Լենինականի (Գյումրի) սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզը: 1973

Այդ երևույթի բացատրությունը կապված է այն բանի հետ, որ Լենինականի տարածքի տակ 200-300մ խորությամբ լճային նստվածքներ են: Վերևից այն տեղ-տեղ ծածկված է տուֆի բարակ 2-7մ հաստության շերտով, որը երկրաշարժի ժամանակ մի տեսակ թրթռահարթակի դեր է կատարում և նույնիսկ ուժեղացնում է նրա ազդեցությունը: Ընդ որում երկրաշարժի ուժեղացման երևույթը պայմանավորված է այդ ամբողջ շերտի հատկություններով և ոչ թե միայն վերևի բարակ շերտի կազմությամբ: Սակայն քաղաքի սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզը կազմելիս, որի վրա աշխատանքները սկսել էին 1973 թ. և ավարտվել 1980 թ., այս հանգամանքը հաշվի չէր առնվել: Քաղաքի որոշ տեղամասերում, որտեղ հիմնատակերը եղել են տուֆեր, գրունտները ըստ սեյսմիկ հատկությունների համարվել են 1-ին կարգի և սեյսմայնությունը 1 բալով իջեցվել է, որը, ինչպես տեսանք, չէր կարելի անել: Եվ ստացվել էր այնպես, որ նույն քաղաքի տարածքում առանձնացվել էին 7, 8 և 9 բալանոց գոտիներ (նկ.1)ընդունելով, որ նույն 8 բալանոց երկրաշարժի դեպքում 9 բալանոց գոտում երկրաշարժի ուժը 4 անգամ ավելի մեծ պետք է լինի, քան 7 բալանոց գոտում, որը հաճախ գտնվում էր 9 բալանոցի հարևանությամբ: Իհարկե, սա անհեթեթություն է, և նորմաների պահանջը, համաձայն որի կատարվել է այդ ուղղումը, կարիք ունի ճշգրտման, քանի որ զերծ չէ թերություններից: Բացի այդ, քաղաքի միջին մասում վերջին 2 տասնամյակի ընթացքում գրունտային ջրերի մակարդակը բավականին բարձրացել է: Սակայն այդ տեղերում կառուցվել են պատասխանատու շենքեր, ինչպես օրինակ ունիվերմագի շենքը, որը ոչ մի դեպքում, նույնպես, չէր կարելի անել (նկ. 3): Երկրաշարժից հետո Լենինականի սեյսմիկ միկրոշրջանացման նոր քարտեզը կազմելիս թույլ է տրվում նույն սխալը, բալայնության ճշտումը կատարվում է գրունտների վերին 10-15մ խորությամբ շերտերի ուսումնասիրության միջոցով: Բայց, ինչպես նշվեց, առավել կարևոր է իմանալ, թե երկրաշարժի ժամանակ ինչպես են իրենց պահում 200-300 մ խորություն ունեցող նստվածքային շերտերը և ինչպես են տատանումները սեյսմիկ ալիքների միջոցով ժայռից հաղորդվում շենքերին: Ճիշտ է բալայնությունը քաղաքի ոչ մի տեղամասի համար չի իջեցվում, բայց և առանձին տեղամասերին 10 բալ վերագրելը հիմնավորված չէ և չի կարող հիմք ծառայել ինչպես հաշվարկային բալի ընտրության համար, այնպես էլ լավ պահպանված շենքերի քանդելու հարցի լուծման համար, հակառակ դեպքում Լենինականի հյուսիս-արևմտյան մասում նոր թաղամասեր չի կարելի կառուցել, ինչը, ցավոք սրտի, արդեն արվում է (նկ. 2):
Երրորդ հարց. իրականում ի՞նչ ուժի է եղել Սպիտակի երկրաշարժը: Իհարկե, երկրաշարժի ուժը էպիկենտրոում և դրանից հեռու տարբեր է և կախված է շատ գործոններից: Երկրաշարժի ուժը տվյալ տեղում ճիշտ կարելի է որոշել, եթե կան գործիքային գրանցումներ: Ցավոք, Սպիտակի երկրաշարժի ժամանակ գրանցումներ քիչ են արվել (որակով է միայն Ղուկասյանի սեյսմիկ կայանի գրանցումը, որը էպիկենտրոնից հեռու է գտնվել), այդ պատճառով էլ սկզբնական շրջանում նրա ուժի մասին տարբեր կարծիքներ կային: Սակայն այդ հարցին ի վերջո օբ յեկտիվ պատասխան կտրվի, քանի որ այդ աշխատանքին, բացի մեր մասնագետներից, մասնակցում են նաև ամերիկյան, ֆրանսիական և մի շարք այլ երկրների սեյսմոլոգներ: Դրա համար անրաժեշտ է խորապես ուսումնասիրել երկրաշարժի առաջացման մեխանիզմը, օջախի խորությունը, սեյսմիկ ալիքների տարածման օրինաչափությունները և այլն: Սակայն երկրաշարժի ուժի մասին կարելի է դատել նաև նրա հետևանքների ինժեներական վերլուծության և մարդկանց սուբեկտիվ զգացողության միջոցով: Այդ նպատակով օգտագործում են 12 բալանոց սեյսմիկ սանդղակ, որի 1 բալի փոփոխությունը նշանակում է երկրաշարժի ուժի փոփոխություն 2 անգամ: Համաձայն այդ սանդղակի, երկրաշարժի ուժը՝ արտահայտված բալերով, կարելի է որոշել այն շենքերի քանդվածքների միջոցով, որոնք կառուցվել են առանց հակասեյսմիկ միջոցառումների իրականացման, այսինքն առանց երկրաշարժի ազդեցության հաշվառման: Մեր հանրապետությունում այդպիսին են համարվում սեփական տները և 30-40-ական թվերից առաջ կառուցված շենքերը: Ինչպես հայտնի է, այդպիսի տները մեծ չափով վնասվել կամ քանդվել են էպիկենտրոնային մասում՝ Սպիտակում և մոտակա գյուղերում, որտեղ երկրաշարժի ուժը գերազանցել է 9 բալից: Լենինականում այդ տիպի շենքեր, որոնք ավելի ամուր են կառուցված, համարյա չեն տուժել, որը ցույց է տալիս, որ երկրաշարժի ուժը այնտեղ եղել է 8-9 բալ, այսինքն հաշվարկային բալը գերազանցվել է միայն այն տեղամասերի համար, որտեղ բալը իջեցված է եղել մեկով: Սակայն ժամանակակից բազմահարկ բնակելի շենքերի, արդյունաբերական և քաղաքացիական կառույցների զանգվածային փլուզումները չեն կարող պատկերացում տալ երկրաշարժի ուժի մասին: Ավելի շուտ դրանք ցույց են տալիս այն սխալները, որոնք թույլ են տրվել հաշվարկային բալի ընտրության մեջ, շենքերի հատակագծային-կոնստրուկտիվ լուծումների մեջ, նախագծման և շինարարության մեջ: Այստեղից էլ հետևում է.
Չորրորդ հարցը. արդյո՞ք պահպանվել են սեյսմակայուն շինարարության հիմնական դրույթները: Արդեն կան շատ նախագծերի որակի վերաբերյալ փորձագետների եզրակացությունները, որոնցում, առանց խոր վերլուծության, հիմնականում նշվում են նախագծերում թույլ տրված շեղումները նորմաների պահանջներից: Բայց առավել կարևոր է պարզել, թե արդյո՞ք պահպանված են սեյսմակայուն շինարարության հիմնական դրույթները և ի՞նչ չափով: Այս իմաստով մեր հանրապետությունում ընդունված զանգվածային շինարարության մի շարք դրույթներ իրենց չարդարացրին: Դրանցից առաջինը 50-ական թվերի վերջին զանգվածային անցումն էր հավաքովի շինարարությունը: 30 տարուց ավելի է մեր շենքերը կառուցվում են հավաքովի կոնստրուկցիաներից, բայց մինչ այժմ էլ չեն գտնված դրանց միացման հանգույցների իրականացման եղանակները, որոնք թույլ կտային ապահովելու հանգույցի ավելի մեծ ամրություն, քան դրան հարող որևէ հատվածքի ամրությունն է: Առավելապես դա վերաբերվում է հավաքովի կարկասային շենքերին: Ընդհանրապես կարկասային շենքերով հրապուրվելը, ինչպես ցույց տվեց երկրաշարժի փորձը, մեծ սխալ էր: Բանը նրանում է, որ կարկասային շենքերի սեյսմակայունության վերաբերյալ մեր պատկերացումները հիմնվում են սեյսմակայուն շինարարության արտասահմանյան փորձի վրա: Բայց մեծ տարբերություն կա կարկասային շենքերի կառուցման արտասահմանյան փորձի և մեր փորձի միջև: Նրանք կառուցում են միաձույլ երկաթբետոնից, հաճախ կոշտ ամրանով, երբ կարկասը հավաքվում է մետաղական պրոֆիլներից և հետո բետոնացվում է, իսկ մեր երկրում հիմնականում կառուցում են հավաքովի երկաթբետոնե էլեմենտներից, որոնք ամրանավորված են ճկուն երկայնական ամրանով: Ընդ որում հաճախ չի պահպանվում նաև այն կարևոր պահանջը, որ միացման հանգույցները պետք է իրականացնել այն տեղերում, որտեղ ծռող մոմենտները ամենափոքրն են: Որպես հարավային հանրապետություն մենք չպետք է հրաժարվեինք միաձույլ երկաթբետոնից: Երկրաշարժից ավերված քաղաքների վերականգման համար անհրաժեշտ է կառուցել տներ միաձույլ երկաթբետոնից, սակայն համապատասխան տեխնոլոգիա մշակված չկա, որը կարող է արգելակել շինարարության տեմպերը երկրաշարժից տուժած շրջաններում:
Երկրորդ. չի կարելի սեյսմիկ շրջանների համար նախագծել այնպիսի շենքեր, որոնց սեյսմակայունությունը կախված է միայն մի էլեմենտի ամրությունից, ինչպես օրինակ, շրջանակային սխեմայի կարկասային շենքերի կայունությունը կախված է սյուների ամրությունից, բարձրացվող միջհարկային ծածկերով շենքերինը՝ միջուկի ամրությունից և այլն: Պետք է նախագծել այնպիսի շենքեր, որոնց կրող էլեմենտները մի քանիսն են և դրանք հուսալիորեն կապված են միմյանց հետ, ինչպես օրինակ խոշորապանել և քարե պատերով շենքերը, նման շենքերում մի էլեմենտի շարքից դուրս գալը դեռ չի նշանակում շենքի փլուզում, քանի որ սեյսմիկ ազդեցությունը իրենց վրա են վերցնում մյուս էլեմենտները: Ահա թե ինչու, առաջին տիպի շենքերը երկրաշարժից լրիվ ավերվեցին, իսկ երկրորդ տիպի շենքերը մնացին կանգուն: Ի դեպ, դեռ 15 տարի առաջ մեր հետազոտություններից անսպասելիորեն պարզ դարձավ, որ կարկասային շենքերը սեյսմակայուն չեն: Բանը նրանում է, որ մեր երկրում սեյսմիկ շրջաններում կառուցվող կարկասային շենքերի կոնստրուկտիվ լուծումները, կրող կոնստրուկցիաների, հատկապես սյուների հատվածքների չափերը, համարյա չեն տարբերվում ոչ սեյսմիկ շրջաններում կառուցվող շենքերի կոնստրուկտիվ լուծումներից և չափերից: Սակայն գոյություն ունի նորմաների պահանջ, համաձայն որի հաշվարկային ուժի երկրաշարժի դեպքում կրող կոնստրուկցիաները (սյուները) պետք է ենթարկվեն պլաստիկ դեֆորմացիաների: Այդ դեպքում շենքերի վրա ազդող հորիզոնական սեյսմիկ ուժերը փոքր կլինեն: Բայց եթե շրջանակային սխեմայի կարկասային շենքերի սյուների հատվածի չափերը հարկայնության մեծացման հետ չեն մեծացվում, ապա դրանք պլաստիկ չեն կարող դեֆորմացվել: Օրինակ, եթե սյան հատվածքի չափերը չեն գերազանցում 40×40 սմ, ապա արդեն 5 հարկի դեպքում առաջին հարկի սյուները այնքան լարված են, որ չնչին հորիզոնական ուժի ազդեցությունից դրանք կարող են փխրուն կոտրվել: Այդ դեպքում որոշ դեր կարող է ունենալ նաև սեյսմիկ ազդեցության ուղղաձիգ բաղադրիչը, որը գործող նորմաներով հաշվի չի առնվում: Հետևաբար, կարկասային շենքերի սեյսմակայունության ապահովման առաջին պայմանը այն է, որ հարկայնության մեծացման հետ ցածր հարկերի սյուների հատվածքի չափերը մեծացվեն, որը ցավոք մեզ մոտ չի արվում: Օրինակ, ճապոնիայում 10 հարկանի շենքի առաջին հարկի սյուների հատվածքի չափը 80×80սմ է, որը կրկնակի անգամ գերազանցում է մեզ մոտ կառուցվող նույն հարկայնության շենքերի սյուների հատվածքի չափերից: Իսկ եթե սյուների հատվածքի չափերը չեն մեծացվում, ուրեմն որևէ միջոցով պետք է սահմանափակել դրանց հորիզոնական տեղափոխությունը: Դա արվում է կապերի կամ կոշտության դիաֆրագմաների միջոցով: Արդեն հինգ հարկանի կարկասային շենքերը պետք է ունենան կոշտության դիաֆրագմաներ: Մեր շինարարական պրակտիկայում ընդունված է եղել կոշտության դիաֆրագմաներ դնել 9 և ավելի հարկայնության շենքերի դեպքում, և այն էլ ոչ միշտ: Սակայն ինչպես ցույց տվեց երկրաշարժի փորձը, հավաքովի դիաֆրագմաները հաճախ չեն կատարում իրենց դերը, քանի որ դրանց միացումները սյուների հետ եռակցումով է, իսկ դիաֆրագմայի և սյան միջև եղած բացակը չի բետոնացվում: Այսինքն, տեղի է ունենում սյուների հորիզոնական տեղափոխություն, որի հետևանքով դրանք փխրում քայքայվում են (նկ. 4 ա),(նկ. 4 բ):
Երրորդ. նախագծերում չի կարելի մշակել միացման հանգույցների այնպիսի կոնստրուկցիա, որը նախագծողին հայտնի պատճառներով տեղում չի կատարվելու: Օրինակ, հայտնի պահանջ է, որ սեյսմակայուն շենքերի միջհարկային ծածկերը պետք է իրենցից ներկայացնեն կոշտ վահաններ: Դրա համար անհրաժեշտ է ապահովել անցքավոր սալերի հուսալի միաձուլում ինչպես միմjանց, այնպես էլ հեծանների հետ, որոնց վրա դրանք հենվում են: Հաճախ նախագծում այդ պահանջը իրականացվում է, բայց շինարարությունում՝ ոչ, և այդ մասին քաջ հայտնի է նախագծողին: Սա բաձարձակապես անթույլատրելի է, եթե չասենք հանցագործություն: Ընդ որում հարկ է նշել, որ շենքերի սեյսմակայունությունը, հատկապես քարե շենքերինը, առաջին հերթին կախված է նրանից, թե ինչ չափով է ապահովված միջհարկային ծածկերի միաձուլությունը: Շատ են դեպքերը, երբ շենքերի պատերի ամրությունը փոքր է եղել, բայց երկրաշարժից չեն վնասվել, քանի որ միջհարկային ծածկերը եղել են միաձույլ երկաթբետոնից, կամ ապահովված է եղել դրանց միաձուլությունը: Եվ ընդհակառակը, պատերի ամրությունը մեծ է եղել, բայց շենքը փլվել է, քանի որ արված չեն եղել հակասեյսմիկ գոտիները, կամ սխալ են արված եղել: Ցավոք, այդպիսի օրինակներ շատ կան Լենինականում, որտեղ շինարարության շատ ղեկավարներ և անգամ մասնագետներ լավ չեն պատկերացնում հակասեյսմիկ գոտիների իմաստը:
Չնայած հակասեյսմիկ գոտիների գաղափարը հայ շինարարները օգտագործել են վաղուց, բայց երբ 1926 թ. երկրաշարժից հետո Կ. Ս. Զավրիևը Լենինականի վերականգնման իր նախագիծը ներկայացրեց, իր բացատրագրում նա երկու կարևոր առաջարկ արեց: Առաջինը, դա շենքերի սեյսմիկ հաշվարկի դինամիկական մեթոդն էր: ՄԻնչ այդ մեզ մոտ, փաստորեն, շենքերի հաշվարկ սեյսմիկ ազդեցությունների դեպքում չէր կատարվում: Եվ երկրորդ, որ հակասեյսմիկ գոտիները պետք է անել միաձույլ երկաթբետոնից, հատկապես, եթե միջհարկային ծածկերը իրականացվելու են հավաքովի էլեմենտներից: Այդ առաջարկության իմաստն այն է, որ հակասեյսմիկ գոտին, գրկելով միջհարկային ծածկի պանելներին, ստեղծում է հորիզոնական կոշտ վահան, որը հորիզոնական սեյսմիկ ուժերի ազդեցությունը համաչափ է բաշխում ուղղաձիգ կրող կոնստրուկցիաների՝ պատերի և սյուների վրա: Այս դեպքում դրանց մեջ առաջանում են փոքր ճիգեր: Այդ պատճառով էլ միաձույլ երկաթբետոնից հակասեյսմիկ գոտին պետք է իրականացնել միջհարկային ծածկի մակարդակում, ծածկի պանելների դիմաց: Սկզբնական շրջանում դա այդպես էլ արվել է: Ինչպես հայտնի է, 1937թ. երկրաշարժի ժամանակ Երևանում այդ եղանակով կառուցված շենքերը լավ են դիմացել երկրաշարժին: Սպիտակի երկրաշարժի ժամանակ նույնպես, շենքերը, որոնցում հակասեյսմիկ գոտիները ճիշտ են արվել, լավ են տարել երկրաշարժի ազդեցությունը: Բայց շատ շենքեր, հատկապես Լենինականում, կառուցվել են առանց հակասեյսմիկ գոտիների, կամ այսպես կոչված գոտի-բարավորների ձևով, որոնք արվել են միջհարկային ծածկերի հենման տեղերում՝ դրանց տակ: Բնական է, դրանք հակասեյսմիկ գոտու դեր տանել չէին կարող և այդ ձևով կառուցված շենքերը երկրաշարժից շատ են վնասվել և նույնիսկ փլվել են (նկ.5):
Չորրորդ. դա սեյսմիկ գոտում, քաղաքների կառուցման ոչ ճիշտ մոտեցումն է: Ինչպես հայտնի է, այնպիսի երկրներում ինչպիսին ԱՄՆ-ը և Ճապոնիան են, բնակելի տները կառուցվում են ցածրահարկ, իսկ բազմահարկ կառուցում են վարչական շենքերը, հյուրանոցները և այլն: Մեր հանրապետությունում, ընդհակառակը, ցածրահարկ կառուցում են վարչական շենքերը, իսկ բնակելի տները և նույնիսկ հիվանդանոցները կառուցում են բարձրահարկ: Բացի այդ, նշված երկրների շինարարական նորմաները ավելի խիստ պահանջներ են ներկայացնում հիվանդանոցների, դպրոցների նախագծմանը, իսկ մեզ մոտ հաճախ չեն պահպանվում նորմաների պահանջը, որ 8 և 9 բալանոց շինհրապարակում երեք հարկից ավելի հիվանդանոց չի կարելի կառուցել: Ավելին, մեր երկրում և հանրապետությունում շինարարությունը իրականացվում է հիմնականում տիպարային նախագծերով, այսինքն նույն նախագծով երբեմն կառուցվում են հարյուրավոր շենքեր: Բնական է ենթադրել, որ տիպարային նախագծով կառուցվող շենքերի հուսալիությունը շատ ավելի մեծ պետք է լինի, քան անհատական նախագծով կառուցվող շենքերինը և դրանք պետք է ավելի խիստ փորձագիտական քննության ենթարկվեն: Ցավոք սրտի, ոչ մեկը և ոչ էլ մյուսը այսօր չի իրականացվում տիպարային նախագծերի նկատմամբ:
Հինգերորդ. որ ճարտարապետը այսօրվա վիճակով պատասխանատվություն չի կրում կոնստրուկտորի հետ միասին երկրաշարժից շենքի քանդվելու համար: Սակայն շենքի կառուցվածքը որոշում է ճարտարապետը և դրանով անմիջականորեն ազդում է շենքի կրող կոնստրուկցիաների համակարգի ընտրության վրա: Եթե նա չգիտի կոնստրուկցիաների սեյսմակայունության պահանջները, ապա հեշտությամբ կոնֆլիկտի մեջ է մտնում կոնստրուկտորի հետ: Շատ ճարտարապետների մոտ այն սխալ պատկերացումը կա, որ նրանց ցանկացած հորինվածքը կարելի է միշտ հաշվել և նախագծել այնպես, որ նա լինի սեյսմակայուն: Բայց արդեն վաղուց հայտնի է, որ շենքի կրող կոնստրուկցիաների ճարտարապետական ճիշտ լուծումը հաճախ ավելի կարևոր է, քան սեյսմիկ ազդեցությունից դրանցում ճիգերի որոշումը և հատվածքի ընտրությունը: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է, որ ճարտարապետը լավ իմանա հատակագծում շենքի թույլատրելի ձևերը և չափերը, բոլոր կրող և չկրող կոնստրուկցիաների նախագծային դիրքերը, չափերը և թե դրանք ինչպես են ազդում շենքի դիմադրության վրա երկրաշարժի ժամանակ: Այդ պատճառով էլ սեյսմակայուն շենքերի նախագծման համար հավասարապես պետք է պատասխանատու լինեն և կոնստրուկտորը և ճարտարապետը: Ցավոք, ճարտարապետների մեծ մասը սեյսմակայուն շինարարության հիմունքների հետ ծանոթ չեն, քանի որ ինստիտուտում այդ առարկան չեն սովորում: Շատ սխալներ, որոնք կախված են շենքի, որպես համասեռ համակարգի կառուցվածքի խախտման հետ, հետևանք են ճարտարապետի և կոնստուկտորի վատ համագործակցության: Այդպիսի օրինակներ շատ կան 111 սերիսյի կարկասապանելային և 1А-450 սերիայի քարե պատերով շենքերի նախագծերում, որոնք երկրաշարժից հաճախ տուժել են նաև այդ պատճառով: Բայց դա հատուկ հետազոտության կարիք ունի և կքննարկվի առանձին:
Վերջապես հինգերորդ հարցը. արդյո՞ք շինարարության որակը համապատասխանում է սեյսմիկայի պահանջներին: Պատասխանը այստեղ միանշանակ է, ո՛չ, չի համապատասխանում: Ինչպես ցույց են տալիս փորձագետների հետազոտությունները, ամենավատ որակը նկատվել է Լենինականի շենքերում, այնուհետև Սպիտակում և ավելի քիչ Կիրովականում: Համապատասխանորեն զանգվածային փլուզումները Լենինականում, թվարկված այլ պատճառների հետ միասին, հետևանք են նաև շինարարության վատ որակի: Իհարկե, որակը շինարարությունում կախված է շատ գործոններից և դրանք հայտնի են շատերին: Բայց ինչպե՞ս է բետոնի վատ որակը, որը պատրասված է գործարանային պայմաններում կամ շինհրապարակում, եռակցումների վատ կատարումը, միացման հանգույցների չհամապատասխանելը նախագծային պահանջներին և այլն, ազդում շինարարության վրա, առանձին մեծ հարց է: Սակայն, այս ամբողջ ասածից մեկ հետևություն կարելի է անել, որ Սպիտակի երկրաշարժի ողբերգական հետևանքները արդյունք են սեյսմակայուն շինարարությունը ապահովող շատ օղակների վատ աշխատանքի: Մեղքի մեծ բաժին ունեն նաև կուսակցական և սովետական ղեկավար մարմինները, որոնք, հաճախ, օգնելու փոխարեն, վատացրել են այդ օղակների աշխատանքը: Ի վերջո այդ բոլոր օղակների վատ աշխատանքը նաև արդյունք է այն անբարոյական ժամանակաշրջանի, որը «լճացման» շրջան անունն է ստացել: Չէ որ տները, որոնք կառուցված են եղել մինչև հեղափոխությունը, «անհատի պաշտամունքի» կամ «սուբյեկտիվիզմի» ժամանակաշրջաններում, ավելի քիչ են տուժել երկրաշարժից, քան «լճացման» շրջանում կառուցված տները: Եվ երկրաշարժը ոչ միայն վեր հանեց, թե ինչ սխալներ են թույլ տրված եղել սեյսմակայուն շինարարության բնագավառում, այլ նաև ցույց տվեց, թե ինչ չափով մեր հասարակությունը բարոյական անկում էր ապրել «լճացման» շրջանում և թե ինչպիսի ողբերգությամբ դա կարող է վերջանալ: Դա նաև նախազգուշացում է, որ եթե մենք դուրս չգանք այդ բարոյական ճգնաժամից, ապա ինչպես հարկն է չենք կարողանա վերականգնել մեր ավերված քաղաքները ու գյուղերը:

2. Ինչպե՞ս են լուծվում քաղաքների վերականգնման և վերակառուցման խնդիրները

Սպիտակի երկրաշարժը մեր ժողովրդի առաջ մի շարք խնդիրներ դրեց: Դրանցից առաջինը քաղաքներում երկրաշարժը համեմատաբար լավ տարած շենքերի վերականգման և ուժեղացման խնդիրն է, որը այսօր առանձնանում է ոչ միայն իր սրությամբ, այլև ողբերգականությամբ: Սակայն այս խնդրի մասին ամենից քիչ է գրվել մամուլի էջերում և լուսաբանվել ռադիոյով կամ հեռուստատեսությամբ: Եվ պատճառը, թերևս, խնդրի կարևորությունը լավ չպատկերացնելն է, և ոչ միայն հասարակ ժողովրդի, այլ նաև մասնագետների կողմից:
Պատկեր, որը ուրվագծվեց Լենինականի բնակելի շենքերի հետազննումների նախնական փուլում հետևյալն էր:
Վերջին հինգ տարում կառուցված 9 հարկանի 1А-451 КП սերիայի խոշորապանել շենքերը բոլորովին չէին տուժել երկրաշարժից և ենթակա էին շահագործման (նկ, 6):
Վերջին տաս տարում կառուցված բացմահարկ 111 սերիայի կարկասապանելային շենքերի մեծ մասը փուլ էր եկել, իսկ կանգուն մնացածները ստացել էին ծանր վնասվածքներ և պիտանի չէին հետագա շահագործման համար (նկ. 4 ա,բ,գ): Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ առնվազն 9-10 սխալ գումարվելով պատճառ դարձան, որ այդ շենքերը փլվեցին: Ինչպես հայտնի է, այդ շենքերը քանդվեցին պայթեցման միջոցով:
Վերջին քսան տարում կառուցված քարե պատերով, հատկապես այսպես կոչված 1А-450 սերիայի շենքերի վնասվածության բնույթը թույլ էր տալիս մտածելու, որ դրանք հեշտությամբ վերականգնվող են: Բայց դրա համար անրաժեշտ էր կատարել լուրջ հետազնումներ, որը և մեր կողմից կատարվեց Ախուրյանի շրջկենտրոնում կառուցված այդ տիպի շենքերի համար: Հետազննման արդյունքները հաստատեցին, որ այդ շենքերը կարելի է և պետք է վերականգնել, բայց ուժեղացման նախագծերը մշակելիս անհրաժեշտ է յուրաքանչյուր շենքի համար հատուկ միջոցառումներ նախատեսել, ելնելով դրա վնասվածության բնույթից և աստիճանից: Ցավոք, այդ սերիայի շենքերի համար մշակվեց ուժեղացման տիպային նախագիծ, որը թանկ է նստում, և այդ պատճառով էլ նպաստում է, որ ավելի հեշտությամբ ընդունվեն քանդելու վերաբերյալ որոշումներ:
Երեսուն տարի առաջ կառուցված շենքերը, այսպես կոչված «խրուշչևյան» տները համեմատաբար լավ էին տարել երկրաշարժը և նույնպես ենթակա էին պահպանման և ուժեղացման, սակայն նույն պատճառով, ինչ-որ 1А-450 սերիայի շենքերը, այսօր քանդվում են:
Քառասուն–հիսուն տարի առաջ կառուցված շենքերը ինչպես նաև 1926թ. երկրաշարժից հետո և դրանից էլ առաջ կառուցված շենքերը նույնպես լավ էին դիմադրել երկրաշարժին և անկասկած պետք է պահպանվեին, հատկապես դրանցից շատերը նաև պատմա-ճարտարապետական արժեք էին ներկայացնում: Սակայն դրանք նույն բախտին են արժանանում, ինչ-որ նախորդները:
Բերված այս ժամանակագրական տարբերակումը շենքերի վնասվածության աստիճանի վերաբերյալ կիրառելի է նաև արդյունաբերական, վարչական և հասարակական շենքերի (դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ) նկատմամբ , բացի սեփական տներից, որոնք, ընդհակառակը, վերջին տասնամյակներին ավելի ամուր են կառուցվել և երկրաշարժից բոլորովին չեն տուժել:
Ելնելով նշվածից, անրաժեշտ էր առանց շտապելու խորը հետազնումներ կատարել, հաշվի առնելով շենքերի կառուցման ժամանակը, օգտագործված կոնստրուկտիվ լուծումները, հակասեյսմիկ միջոցառումները, շինանյութերը, երկրաշարժի ազդեցության բնույթը, գրունտային պայմանները և այլն:
Սակայն, դրա փոխարեն մեծ փութկոտությամբ շենքերը սկսեցին քանդել և առաջին հերթին նրանք, որոնք լավ էին պահպանվել:
Ճիշտ է, երկրաշարժից անմիջապես հետո ստեղծվեցին մասնագիտացված հանձնախմբեր, որոնք պետք է սեղմ ժամկետում կատարեին վնասված շենքերի հետազննում, դրանց հետագա ճակատագիրը որոշելու համար, քանդել, թե՞ թողնել: Քանի որ հետազննման աշխատանքների ծավալը չափազանց մեծ էր, բացի գիտահետազոտական ինստիտուտների մասնագետերից այդ աշխատանքներին մասնակցեցին նաև նախագծային ինստիտուտներից և այլ հանրապետություններից եկած մասնագետներ, որոնք կարճ ժամանակում որոշակի աշխատանք կատարեցին այդ ուղղությամբ: Սակայն այդ ժամանակ արդեն նկատվեց մի վտանգավոր տենդեց, որ վնասված շեքերի քանդելու վերաբերյալ եզրակացությունները կազմվում էին հապճեպ, առանց խոր հետազոտությունների, հաճախ ոչ շատ բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից: Անհրաժեշտություն առաջացավ ստեղծել մի հեղինակավոր հանձնաժողով, կազմված առաջին հերթին մեր հանրապետության մասնագետներից, որ միայն նա լիազորված լինի տալ եզրակացություն վնասված շենքերի քանդելու վերաբերյալ: Մենք հանդես եկանք այդպիսի առաջարկությամբ, գտնելով, որ դա շատ պատասխանատու խնդիր է, քանի որ ամեն մի լավ պահպանված շենք այսօր մեզ համար մի քանի անգամ ավելի արժեք ունի, քան երկրաշարժից առաջ: Ցավոք, այդպիսի հանջնաժողով մինչև օրս էլ չի ստեղծված, չնայած դրա անհրաժեշտությունը այսօր էլ դեռ կա, հատկապես Լենինականի շենքերի հետազնման համար, որը ամենից շատ է տուժել երկրաշարժից:
Կան մի շարք դրդապատճառներ, որոնք հնարավոր դարձրին, որ հեշտությամբ ընդունվեն որոշումներ լավ պահպանված շենքերը քանդելու վերաբերյալ:
Առաջինը դա այն է, որ հապճեպ կատարված հետազնումների հիման վրա կազմվում էին ամփոփագրեր շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ, որտեղ յուրաքանչյուր շենքի համար նշված էր լինում միայն «քանդել» կամ «ուժեղացնել»: Այնուհետև այսպես կոչված փորձագիտական հանձնաժողովը, որը գլխավորում է մի ոմն Կոֆ, համադրում էր այդ տվյալները նույնքան հապճեպորեն կատարված ինժեներա-երկրաբանական և ինժներա-սեյսմոլոգիական տվյալների հետ և կայացնում վերջնական վճիռ և մեծ մասամբ՝ «քանդել»: Անգամ այն շենքերը, որոնց վերաբերյալ մանրամասն հետազննումների արդյունքների հիման վրա կան եզրակացություններ՝ պահպանել և ուժեղացնել, քանդել կամ քանդվում են միայն այն բանի հիման վրա, որ դրանք հայտնվել են սկզբունքորեն սխալ կազմված սեյսմիկ միկրոշրջանցման քարտեզի 10 բալանոց գոտում կամ ինչ-որ խզվածքի վրա, որի գոյությունը խիստ կասկածելի է (նկ. 2):
Այստեղ մենք ականատես ենք մեկ ուրիշ ծայրահեղություն: Մինչև երկրաշարժը Սպիտակի, Կիրովականի, Ստեփանավանի ինչպես նաև Լենինականի որոշ տեղամասերի հաշվարկային սեյսմայնությունը իջեցվել էր 1-2 բալով, այսինքն այդ տեղերում հնարավոր ամենաուժեղ երկրաշարժի ուժգնությունը փոքրացվել էր 2-4 անգամ: Այժմ հակառակն է կատարվում: Առանց խորը ինժիներա-երկրաբանական և ինժիներա-սեյսմոլոգիական հետազոտությունների քաղաքների շատ տեղամասերի վերագրվում է 10 բալ, ելնելով միայն բնահողի վերին շերտերի կազմությունից 10-15 մ խորությամբ, որը, ինչպես տեսանք, ճիշտ չէ: Հիմք ընդունելով նորմաների դոգմատիկ պահանջը, որ 10 բալանոց տեղամասերում շինարարություն չի թույլատրվում, քանդվում են շատ լավ պահպանված շենքեր կամ արգելվում է նոր շենքերի կառուցումը այդ տեղամասերում: Մեր խորին համոզմամբ թույլ է տրվում սխալ, եթե չասենք հանցագործություն, որի համար հետագայում շատ ենք զղջալու:
Ճիշտ է, երկրաշարժը փորձանք էր, բայց նաև փորձ էր, էքսմերիմենտ: Բոլոր շենքերը ենթարկվել են փորձարկման, դրանցից մի մասը չի դիմացել երկրաշարժի ազդեցությանը, մյուսները դիմացել են: Մենք ճշգրտորեն չենք կարող ասել, թե ինչ ազդեցության են ենթարկվել լավ պահպանված շենքերը, որոնք գտնվում են արեստականորեն 10 բալ համարվող տեղամասում: Չնայած, եթե մանրամասն հետազննվի յուրաքանչյուր շենք, ճշտվի նրա հաշվարկային սխեման, որոշվի կրող կոնստրուկցիաների ամրությունը, վնասվածքների բնույթը և աստիճանը, համապատասխան հաշվարկների միջոցով կարելի է որոշել, թե ինչպիսի ուժեր են ազդել նրա վրա: Բայց, եթե անգամ մի վայրկյան ընդունենք, ինչը իհարկե հեռու է իրականությունից, որ տվյալ շենքը ենթարկվել է 10 բալի ազդեցությանը և չի քանդվել, ուրեմն նրա ամրությունն էլ 10 բալի է, այսինքն նա ունի հնարավոր ամենամեծ ամրությունը, էլ ինչու՞ նրան քանդել: Պատճառաբանում են, թե այդ շենքերը վթարային են համարվում, և եթե նորից այնպիսի ուժի երկրաշարժ լինի, ինչպիսին Սպիտակի երկրաշարժն էր, ապա ամպայման կփլվեն: Նախ այդ ամպայման պարտադիր չէ, քանի որ երկրաշարժից առաջ վթարային համարվող շենքերը Լեինականում չփլվեցին, ինչը շատերի համար զարմանալի էր թվում, բայց և որոշակիորեն մի բան է ասում մեզ, որ կամ երկրաշարժի ազդեցությունը այդ շենքերի վրա մեծ չի եղել, և որ ավելի հավանական է, այդ շենքերը ունեցել են ամրության մեծ պաշար: Նույնը կարելի է ասել երկրաշարժը լավ տարած շենքերի մասին, որ նրանք նույնպես ունեն ամրության մեծ պաշար: Դա ապացուցվում է նաև նրանով, որ դրանք գլխավոր ցնցումից հետո ենթարկվեցին մի շարք ուժեղ ցնցումների, բայց նոր վնասվածքներ չստացան: Եվ հետո, այդ շենքերը պահպանելու դեպքում առաջարկվում է դրանք ուժեղացնել: Չէ որ երկրաշարժի հետևանքով հայտնի դարձան նրանց թույլ և ուժեղ կողմերը: Խելացի կերպով պահպանելով ուժեղ կողմերը և ուժեղացնելով թույլ կողմերը, կարելի է վստահ լինել դրանց սեյսմակայունության մեջ, ինչը չի կարելի ասել նոր նախագծվող և կառուցվող շենքերի մասին:
Շատերը այն կարծիքին են, թե հնարավոր է, որ շենքերը վնասված են հիմքերից: Նախ, պետք է ասել, որ երկրաշարժից առաջ վթարային են համարվել, մեծ մասանբ, այն շենքերը, որոնք ունեցել են վնասվածքներ հիմքերի անհավասարաչափ նստեցման հետևանքով: Բայց, ինչպես տեսանք, դա նշանակություն չունեցավ: Եվ չէր էլ կարող ունենալ, քանի որ շենքերը երկրաշարժից փլվում են իներցիոն ուժերի ազդեցության հետևանքով, որոնք գործում են շենքի վերգետնյա մասում: Եվ հետո, հայտնի է, որ երկրաշարժի ժամանակ հիմնատակի գրունտի ազդեցությունը շենքի վրա երկու ձևով կարող է արտահայտվել.
1) Երբ գրունտը ինքը վնասվում է երկրաշարժից և առաջ է բերում շենքի հիմքի անհավասարաչափ նստվածք: Դա տեղի է ունենում փխրուն, չամրացված գրունտներում, գրունտային ջրերի մակարդակի բարձրանալու դեպքում և այլն: Այդպիսի երևույթ չի նկատվել ոչ Լենինականում և ոչ էլ ուրիշ տեղերում:
2) Երբ գրունտները ուժեղացնում են երկրաշարժի ազդեցությունը շենքի վրա: Ինչպես արդեն նշվեց, այդ երևույթը շատ տեղերում է նկատվել, հատկապես Լենինականում և Սպիտակում: Սեյսմիկ միկրոշրջանցման քարտեզ կազմելիս այդ ուժեղացման չափը տվյալ տեղանքի համար պետք է որոշել հաշվի առնելով ամբողջ երկրաբանական կտրվածքի կազմությունը և ոչ թե միայն վերին շերտինը: Ցավոք, նոր կազմված սեյսմիկ միկրոշրջանցման քարտեզներում ճիշտ չի գնահատված այդ ուժեղացումը և լավ պահպանված շենքերը քանդվում են նաև այդ պատճառով:
Հարկ ենք համարում ընդգծել, և դա պետք է հասկանան որոշում ընդունող ղեկավարները, նախագծողները և շինարարները, որ շենքերի վերականգման և ուժեղացման նախագծեր կազմելիս ինժեներա-երկրաբանական նոր հետազոտությունների կարիք չկա, եթե հետազննման ժամանակ չի նկատվել հիմքերի անհավասարաչափ նստեցում:
Երկրորդ. անհրաժեշտ էր ժամանակին բնակչությանը տեղեկություններ տալ հետազննումների արդյունքնրի մասին, ինչպես դա արվել է, օրինակ, Ալժիրում 1980 թ., Էլ-Ասնամի երկրաշարժից հետո, երբ արագ շենքերին փակցվել են գունավոր թղթեր՝ կարմիր, կապույտ, կանաչ, որից բնակիչները հասկացել են, որ տվյալ շենքը ենթակա է քանդման, մյուսը՝ ուժեղացման, երրորդը կարելի է շահագործել և այլն: Եվ ամենակարևորը, բացատրել մարդկանց, որ չլքեն իրենց լավ պահպանված շենքերը և թույլ չտան, որ ավերող ձեռքը դիպչի դրանց: Ցավոք, համընդհանուր խուճապի և բնակչության զանգվածային էվակուացիայի հետևանքով շենքերը լքված ու անտեր մնացին: Հաճախ, ոչ ճիշտ կամ հակասական տեղեկությունների պատճառով, բնակիչների մի մասը իրենց իսկ ձեռքով սկսեցին քանդել իրենց տները, որը կարելի էր տնաքանդություն անվանել, եթե ոչ ավելին: Ընդ որում դա արվում էր պետական շենքերի նկատմամբ, ոչ ոք, իհարկե, սեփական տանը ձեռք չէր տալիս, եթե այն ավելի վնասված էր, քան պետականը: Այս տխուր փաստը մտածելու առիթ պետք է դառնա բոլորիս համար: Օրինակներ չափազանց շատ կան, կարելի է նշել Շիրակացի փողոցի կոոպերատիվ շենքերը: Եվ ոչ միայն իրենց շենքերն էին մարդիկ քանդում, այլ լավ պահպանված ուրիշ կառույցներ՝ մանկապարտեզներ, խանութներ և այլն, ինչպես օրինակ «Լենշին» տրեստի թիվ 3 մանկապարտեզի շենքը (նկ. 7):
Բնակիչների հետ զրույցներում մենք հատկապես ընդգծում էինք այն հանգամանքը, որ եթե շենքը լավ է տարել երկրաշարժի ազդեցությունը, ուրեմն նա բռնել է իր քննությունը, ուրեմն նա ամրության մեծ պաշար ունի: Բանը նրանում է, որ նորմաները, որով հաշվարկել և նախագծել են տվյալ շենքը, չեն պահանջում, որ այն բոլորովին անվնաս մնա հաշվարկային ուժի երկրաշարժի դեպքում: Իսկ շատ տեղերում շենքերը հաշվարկայինից ավելի մեծ ուժի երկրաշարժ են տարել, բնական է, որ վնասվածքներ կունենան ճաքերի և մնացորդային դեֆորմացիաների ձևով: Այստեղ անսպասելի ոչինչ չկա, միայն թե մարդիկ այս մասին չգիտեն:
Բացի դրանից, եթե շենքը փրկել է բնակչների կյանքը, հետևաբար նա արժանի է շնորհակալության, ուրեմն նրան պետք է պահպանել և դա կլինի բարոյական: Եվ բոլորովին անբարոյական բան է, երբ մարդիկ քանդում են իրենց կյանքը փրկած շենքերը: Եվ հետո, բնակիչները պետք է քաջ գիտակցեն, որ ոչ իրենք, ոչ էլ իրենց սերունդները այլևս հնարավորություն չեն ունենա ապրելու այնպիսի հարմարավետ տներում, ինչպիսի տներում իրենք են ապրել: Վկա Լենինականի հյուսիս-արևմտյան թաղամասում մոնոլիթ երկաթբետոնից կառուցվող տները, որոնք գուցե ավելի սեյսմակայուն են, բայց ավելի հարմարավետ չեն: Այդ շենքերում չի ապահովված ջերմամեկուսացումը, ձմեռը դրանցում սառը կլինի, ամառը՝ շոգ: Լենինականը խիստ ցամաքային կլիմա ունի և ապագա բնակիչներին դժվար օրեր են սպասում:
Երրորդ. դա մի շարք ոչ հեռատես կառավարական որոշումներ էին, որոնք օգնելու փոխարեն ավելի խաթարեցին երկրաշարժից տուժած բնակչության հոգեբանությունը: Այսպես, սկզբում որոշում ընդունվեց, որ փչացած գույքի դիմաց հատուցում կտրվի նրանց, ում շենքերը լրիվ փլվել են: Այնուհետև, որոշ ժամանակ անց, ընդունվեց նոր որոշում, որ հատուցում կստանան նաև նրանք, որոնց տները չեն փլվել, բայց համարվում են վթարային և ենթակա են քանդման: Սա մի տեսակ ազդակ հանդիսացավ, որ բնակիչները շահագրգռված լինեն, որ իրենց շենքերը քանդվեն: Այնուհետև ևս մի նոր որոշում, որ հատուցում, ոչ լրիվ չափով, կստանան նաև նրանք, որոնց շենքերը լավ են դիմացել երկրաշարժին, բայց ենթակա են ուժեղացման, իսկ կոոպերատիվ շենքերի փայատերերին, որ նրանց կվերադարձվեն մուծած գումարը և այլն: Չխոսելով այն մասին, որ այդպիսի չմտածված որոշումները ուժեղացնում են սոցիալական անարդարությունը, նաև պատճառ են դառնում, որ բնակիչները շահագրգռված են լինում, որ իրենց տները քանդեն: Ավելին, նրանք ոչ միայն լքեցին իրենց լավ պահպանված տները, այլ սկսեցին այնպիսի վնաս հասցնել շենքերին, որ դրանք ամպայման քանդվեն: Մյուս կողմից պարզվեց, որ դա ձեռնտու է նաև տեղական իշխանություններին և քանդող կազմակերպություններին, քանի որ մի շենքը քանդելը միջին հաշվով արժի 50-60 հազար ռուբլի, չնայած անհասկանալի է մնում, թե ինչու՞ քանդելը այդքան թանկ արժե և ի՞նչ գնացուցակներով է այն որոշված, երբ քանդելով զբաղված են, հիմնականում, զինվորական ջոկատները: Եվ հետո, քանդելը շինել չէ, մեծ խելք ու ջանք չի պահանջում, հատկապես, երբ քանդում են լքված և անտեր մնացած շենքերը և ոչ ոք չի բողոքում դրա դեմ: Գուցե նաև այդ պատճառով է, որ աղետի գոտու բնակիչներին, որոնց տարել են Հայաստանից դուրս, թույլ չեն տալիս վերադառնալու, քանի որ նրանք կարող են խանգարել ազատորեն քանդելուն: Իսկ հետո, երբ շենքերը լրիվ քանդած կլինեն, բնակիչներին կկագնեցնեն փաստի առաջ և նրանք ցանկանան էլ, այլևս չեն կարողանա վերադառնալ, որովհետև ապրելու տեղ չեն ունենա, տնակներում քաղաք չես տեղավորի: Բացի այդ, քաղաքի տարածքը արդեն զբաղված է ինքնաշեն տներով և տնակներով, դա նշանակում է, որ այնտեղ շինարարություն դեռ շուտ չի սկսվի: Այդ դեպքում ինչու՞ են շտապում լավ պահպանված շենքերը քանդել, մնում է անբացատրելի:
Ինչ տրամաբանությամբ քանդում են շենքեր Լենինականում, ստացվում է, որ նույն տրամաբանությամբ էլ պետք է քանդեն Երևանում, քանի որ այստեղ շատ են կառուցված շենքեր, որոնց մասին արդեն հաստատ գիտենք, որ սեյսմակայուն չեն, օրինակ այսպես կոչված 111 սերիայի կարկասա-պանելային շենքերը, որոնք ահավոր ձևով փլվեցին Լենինականում և դրանց ուժեղացումն էլ հեշտ խնդիր չէ: Հատկապես, որ հավանականությունը մեծ ուժի երկրաշարժ առաջանալու, Երևանի համար ավելի փոքր չէ, քան Լենինականի համար: Եվ հետո, Երևանում էլ շատ կան վթարային շենքեր, որոնք չեն քանդում, ինչու՞ պետք է Լենինականում քանդեն, անհասկանալի է: Չնայած վերջերս մի միտք մեզ հանգիստ չի տալիս, արդյո՞ք նույն բախտին չէր արժանանա Երևանը և նույն դաժանությամբ նրա հետ չէին վարվի, ինչպես Լենինականի հետ, եթե տարերային աղետը տեղի ունենար այստեղ:
Եվ վերջինը, դա լոզունգ-խոստումն է, որ երկրաշարժից ավերված քաղաքներն ու գյուղերը կվերականգնվեն երկու տարում: Թերևս գյուղերը երկու տարում կարելի է վերականգնել, բայց քաղաքները, հատկապես Լենինականը, հազիվ թե: Ամենաբարձր ղեկավարության կողմից արված այդ խոստումը, այնուհետև հազարբերան կրկնվում էր տարբեր կարգի ղեկավարների կողմից: Հասարակ ժողովուրդը, հային հատուկ դյուրահավատությամբ հավատաց այդ խոստումին և նրան սկսեց թվալ, որ ինչքան շուտ ազատվեն իրենց կյանքը փրկած շենքերից, այնքան շուտ իրենց կտրվեն շենքեր, որոնց մասին կարող են ասել, որ իրենց տունը իրենց ամրոցն է: Ընդ որում բոլորովին հաշվի չէր առնվում այն հանգամանքը, որ վերակառուցման 5-րդ տարում մեր երկրի տնտեսական համակարգի և հատկապես շինարարության վիճակը քանի գնում վատթարանում էր: Եվ այդ պայմաններում ավելի խելացի կլիներ, որ պահպանվեր եղածը, և ոչ թե քանդվեր: Իտալացիները, որոնք 1977 թ. նույնպես տեսել էին ավերիչ երկրաշարժ այդ կապակցությամբ ասում են, որ երկու տարում կարելի է և պետք է բնակչությանը ապահովել ժամանակավոր օթևաններով, իսկ ավերված քաղաքները վերականգնելու և նորից կառուցելու համար տաս տարին էլ բավական չի լինի: Եվ որպես հաստատում իրենց այս ասածի, նրանք Սպիտակի մոտ կառուցեցին «Իտալական գյուղ», դրանով իսկ ուզենալով մեզ ասել, որ այդ ուղիով պետք է գնալ: Սակայն, չգիտես թե ինչու, այդ գործուն միտքը չհասցվեց մեր ժողովրդի գիտակցությանը և չընդունվեց մեր ղեկավար շրջանակների կողմից: Իսկ դա միակ ճիշտ ուղին էր, երբ ամենափոքր կորուստներ տալով, կարելի էր հասնել ամենամեծ արդյունքների:
Սրանք են, մեր կարծիքով, այն հիմնական շարժառիթները, որոնք պատճառ դարձան, որ այսօր Լենինականին ավելի մեծ վնաս է հասցվում, քան երկրաշարժն էր հասցրել: Գուցե ուրիշ պատճառներ էլ կան, բայց տարակուսանք է հարուցում այն, թե արդյո՞ք մի ուրիշ տեղ, ուրիշ մի երկրում նման բան տեղի է ունեցել կամ կարող էր տեղի ունենալ: Գուցե այդ ամենի մեջ դիտավորություն էլ կա, որին մենք հասուն չենք: Չգիտեմ:
Մյուս խնդիրը, դա ավերված քաղաքների համար կառուցապատման նոր տեղամասերի ընտրությունն է:
Սպիտակ, Կիրովական և Ստեփանավան քաղաքների համար գլխավոր հատակագիծը մշակել են միայն մի տարբերակով, քանի որ տարածքային սահմանափակուներ կան: Թերևս լավագույն լուծումներ չեն գտնված, բայց և առարկություններ նույնպես չեն հնչում: Սպիտակը կառուցվելու է նոր տեղում, այդ նպատակի համար հատկացվելու են 300 հեկտար օգտագործելի հողեր: Հին քաղաքի ճակատագրիը մինջև վերջ պարզ չէ, վերականգման միասնական ծրագիր չկա, չնայած անցել է բավական ժամանակ: Իսկ հնարավորության սահմաններում վերականգնել պետք է, քանի որ հավատալիք կա, որ քաղաքը իր տեղում վերականգնելիս բնակիչները ավելի շուտ են իրենց վերագտնում: Կիրովականում չափազանց շատ կան վնասված տներ, որոնք պետք է արագ ուժեղացնել և օգտագործել ըստ նշանակության, իսկ այնուհետև ձեռնամուխ լինել նոր միկրոշրջանների կառուցմանը, որոնց համար նույնպես հատկացվել են օգտագործելի հողեր 500 հա ընդհանուր մակերեսով: Թերևս նույն մոտեցումը կարելի էր ցուցաբերել Լենինականի վերակառուցման նկատմամբ: Արագորեն ուժեղացնել համեմատաբար լավ պահպանված շենքերը, փլատակներից մաքրված, բայց չվնասված բարձրահարկ շենքերի ամուր հիմքերի վրա կառուցել փոքր հարկայնության բնակելի շենքեր, ոչ մի դեպքում չմեծացնելով հին քաղաքի տարածքը: Զուգահեռաբար մշակել և իրականացնել նոր քաղաքի կառուցում ուրիշ տեղում, քանի որ երկրաշարժը ցույց տվեց, որ Լենինականը մեծացնել ոչ մի դեպքում չի կարելի:
Երկրաշարժից դեռ շատ առաջ մենք արդեն այն համոզմունքին էին, որ ԼԵնինականը իր տարածքում մեծացնել չի կարելի: Առավել ևս ճիշտ չէր քաղաքի զարգացումը հյուսիս և հյուսիս-արևմտյան ուղղություններով, նոր թաղամասերի համար օգտագործվում էին վարելահողեր, Շիրակի դաշտի ամենաբերրի հողերը: Բացի այդ, նոր թաղամասերի կառուցումը քաղաքաշինության տեսակետից էլ արդարացված չէր: Այսպես կոչված «Եռանկյունի» թաղամասի կառուցումով ավելի վատթարացավ այդ ուղղությամբ քաղաք մտնող և դուրս եկող տրանսպորտի շարժումը: Իսկ հյուսիս-արևմտյան ուղղությամբ կառուցվող, այսպես կոչված «Բուլվարային» թաղամասը, շրջափակված լինելով մի կողմից զորանոցների շարքով, իսկ մյուս կողմից Ախուրյանի կիրճով, փաստորեն անջատված էր քաղաքից, և շատ Լենինականցիներ, նույնիսկ, այդ թաղամասի տեղը չգիտեին, քանի որ այդ ուղղությամբ շարժումը բացակայում էր: Ինչպես հայտնի է, այդ թաղամասերը լրիվ ավերվեցին Սպիտակի երկրաշարժի ժամանակ:
Թվում է, թե քաղաքի նոր գլխավոր հատակագիծ կազմելիս լրիվ չափով հաշվի կառնվի երկրաշարժի փորձը: Սակայն, ամեն ինչ ընթացավ ավելի քան տարօրինակ ձևով: Առանց ինժեներա-երկրաբանական և ինժեներա-սեյսմոլոգիական հետազոտություններ կատարելու «Երևաննախագիծ» ինստիտուտին առաջադրանք էր տրվել կազմել Լենինականի գլխավոր հատակագիծը: Այսպիսի հսկայածավալ և պատասխանատու աշխատանքների առկայության դեպքում ճիշտ կլիներ, որ բոլոր տեսակի նախագծերի կատարման համար մրցույթ հայտարարվեր, իսկ նախագծերը դրվեին համաժողովրդական քննարկման: Ցավոք, այդպես չեղավ: Դեռ չկար քաղաքի գլխավոր հատկագիծը, չկար որոշում, թե որտեղ պետք է կառուցվի քաղաքը, բայց արդեն հյուսիս-արևմտյան մասում սկսել էին բերրի հողերի անխնա ավերումը:
Մարտի 1-ին «Երևաննախագիծ» ինստիտուտում տեղի ունեցավ Լենինականի գլխավոր հատակագծի քննարկումը: Քննարկման էին ներկայացվել ընդամենը երկու տարբերակ: Առաջին տարբերակը, որը մտահղացվել էր դեռ երկրաշարժից առաջ, նախատեսում էր արբանյակ քաղաքի կառուցում Լենինականից հարավ-արևելք, առանց մեծացնելու գոյություն ունեցող քաղաքի տարածքը: Թելադրողը այդ տարբերակի համար եղել է այն, որ հնարավորին չափ քիչ օգտագործվեն վարելահողեր քաղաքի տակ և երկրորդ, որ քաղաքը կառուցվի ամուր, բազալտային գրունտների վրա: Երկրորդ տարբերակի մտահղացումը ծնվել է երկրաշարժից հետո, այն նախատեսում է քաղաքի զարգացում հյուսիս-արևմտյան ուղղությամբ, բարձր կարգի վարելահողերի վրա: Այս տարբերակով միայն առաջին հերթի շինարարության համար, քաղաքը շրջանցող ճանապարհի հետ միասին, կպահանջվի 600 հեկտարից ավելի օգտագործելի հողեր, իսկ երկրորդ հերթի շինարարության համար՝ ավելի շատ: Ելույթ ունեցողների մեծ մասը, մտահոգված այս հանգամանքով, ինչպես նաև ելնելով քաղաքաշինության և սեյսմապահովության նպատակահարմարությունից, դեմ արտահահայտվեցին այս տարբերակին և նախապատվություն տվեցին առաջինին: Այս տարբերակը պաշտպանողների միակ փաստարկն այն է, որ մեզ օգնության եկած շինարարների համար այստեղ հեշտ է կառուցել և քաղաքը կլինի հավաք: Մեր ելույթի նպատակն էր ցույց տալ, որ երկրորդ տարբերակի մշակման ժամանակ հաշվի չի առնվել ինչպես նախորդ երկրաշարժերի, այնպես էլ Սպիտակի երկրաշարժի փորձը: Վերջին հաշվով նախագծողների առաջնահերթ խնդիրը պետք է լինի մարդկանց կյանքի անվտանգության ապահովումը հնարավոր ուժեղ երկրաշարժերի դեպքում:
Այս իմաստով խիստ կարևոր է դառնում մի շարք երևույթների ըմբռնումը նախագծողների կողմից, որոնք ցցուն ձևով ի հայտ բերեց երկրաշարժը:
Առաջինն այն է, որ ինչպես տեսանք, Լենինականի տարածքում, որտեղ լճային նստվածքներ են, նկատվում է երկրաշարժի ազդեցության ուժեղացում: Տուֆի ոչ մեծ հզորության շերտերը քաղաքի հյուսիս-արևմտյան մասում չեն կարող համարվել 1-ին կարգի գրունտներ և չեն փոքրացնում երկրաշարժի ազդեցությունը: Բացի այդ, նշված տեղամասում հայտնաբերվել են նստվածք տվող գրունտներ, որոնք սեյսմիկ տեսակետից անբարենպաստ են: Առաջարկներ, որ իբր կարելի է այդ գրունտները ամրացնել և հետո կառուցել, հեռու են իրականությունից: Շատ կարևոր հանգամանք է նաև այն, որ տուֆերի տակ եղած կրային շերտերը, լուծվելով ջրի մեջ, առաջացնում են դատարկություններ և տուֆերը կոտրվում են: Դա է պատճառը, որ Ախուրյանի կիրճը այդքան լայնացել է: Եթե այդտեղ քաղաք կառուցվի, ապա գրունտ ներծծվող ջրերը կշատանան և որոշ ժամանակ անց նույն պատկերը կստեղծվի, ինչ-որ Երևանի «Աջափնյակ» թաղամասում, երբ շենքերը վթարային դարձան հիմքերի անհավասարաչափ նստեցման հետևանքով: Այս երևույթի դեմ պայքարելու համար 2-րդ տարբերակում առաջարկում են հենապատ կառուցել Ախուրյանի կիրճի ձորաբերանին, իսկ գրունտային ջրերի մակարդակը իջեցնելու համար դրենաժ անցկացնել քաղաքում: Անհեթեթ այս առաջարկություններով, ինչպես ասւմ են, միայն երեխա կարող են խաբել, ուրիշ ոչինչ:
Այսպիսով, ստացվում է, որ Լենինականի համար նպատակահարմար է նոր տեղամասը ընտրել լճային նստվածքներ ունեցող գոգավորությունից դուրս: Իսկ ի՞նչ ուղությամբ, մեզ հուշում են երկրաշարժի հետևանքները:
Այտեղ նկատվել էր վաղուց և հաստատվեց Սպիտակի երկրաշարժի ժամանակ, որ ցանկացած էպիկենտրոնով երկրաշարժի դեպքում հյուսիսից հարավ ուղղությամբ երկրաշարժի ազդեցությունը ավելի մեծ է: Այդ երևույթը նկատելի է եղել նաև 1926 թ. երկրաշարժի ժամանակ, որի էպիկենտրոնը գտնվել է հարավում, Բայանդուր գյուղի մոտ: Բացի այդ, անզեն աչքով էլ երևում է, որ Լենինականից հյուսիս և հյուսիս-արևմուտք ընկած Մայիսյան և Մարմաշեն գյուղերը ավելի շատ են տուժել երկրաշարժից, քան հարավ և հարավ-արևելք ընկած գյուղերը, որոնք, թվում է, այդպիսի ահավոր երկրաշարժ չեն տարել: Հնարավոր է, որ դա պայմանավորված է Լենինականի հյուսիսում զուգահեռականի ուղղությամբ գնացող խզվածքով, որի պատճառով Շիրակի սալը նշված ուղղությամբ ավելի ուժեղ է տատանվում: Այս երևույթը անհրաժեշտ է ուսումնասիրել, բայց բոլոր դեպքերում նպատակահարմար է, որ քաղաքը հեռու գտնվի այդ խզվածքից, այսինքն զարգացվի դեպի հարավ-արևելք:
Երրորդ. վերջին տասնամյակում Լենինականը աշխատել են ցարգացնել դեպի Ախուրյան գետի կիրճը, որի խորությունը 50-60 մ է: ՍԵյսմիկ տեսակետից այս հանգամանքը անբարենպաստ գործոն է համարվում և գուցե որոշ բացասական դեր է խաղացել հյուսիս-արևմտյան նոր թաղամասի ավերման գործում: Քաղաքի հատակագծի երրորդ տարբերակով, նորից, նախատեսվում է քաղաքի զարգացում դեպի կիրճ, որը անցանկալի է, քանի որ կտրված ռելյեֆով տեղանքում քարափը ուժեղացնում է երկրաշարժի ազդեցությունը: Հայ շինարարները միշտ ձգտել են կառուցել դեպի լեռան լանջ և ոչ թե դեպի ձորաբերան: Եվս մի հանգամանք, գլխավոր հատակագծի այս տարբերակում նախատեսվում է Լենինականը շրջանցող մի մեծ ճանապարհ: Ճիշտ է այդպիսի մի ճանապարհի կարիքը կա: Փրկարարական աշխատանքները երկրաշարժից անմիջապես հետո և առաջին օրերին դժվարանում էին ոչ միայն նրա համար, որ բացակայում էին անհրաժեշտ տեխնիկա ու սարքավորումներ, մասնագիտացված փրկարարական խմբեր ու փորձ, այլ քաղաքը մտնող ու դուրս եկող սակավաթիվ ճանապարհներին ահռելի խցանումներ էին առաջացել: Բայց ու՞ր է տանում այս շրջանցող ճանապարհը, որի տակ 150 հա բերրի հողեր են օգտագործվելու: Նորից դեպի Ախուրյան գետի կիրճը, որից այն կողմ պետական սահմանն է: Այսօր դա ոչ միայն շռայլություն է, այլ վնասարարություն: Գլխավոր հատակագծի 1-ին տարբերակում շրջանցող ճանապարհի անհրաժեշտությունը վերանում է: Այս իմաստով առաջնահերթ խնդիր պետք է լինի Մայիսյանի երկաթուղային հանգույցից երկաթգծի անցկացումը Համասիա-Ղուկասյան, հետագայում Բոգդանովկայով անցնող Թբիլիսի-Ախալքալակ երկաթգծին միանալու համար:
Քննարկման արդյունքներով որոշում չընդունվեց, չնայած բոլորի համար ակնհայտ դարձավ, որ գերադասելի է առաջին տարբերակը, այսինքն արբանյակ քաղաքի կամ թեկուզ նոր քաղաքի կառուցում հարավ-արևելքում, Բենիամին և Արևիկ գյուղերի տարածքում, որտեղ ամուր գրունտներ են: Հայտնի է, որ ամուր գրունտների վրա նպատակահարմար է կառուցել բարձրահարկ շենքեր, հետևաբար հարկերի քանակը այստեղ կարելի է չսահմանափակել: Հատկապես վարչական շենքերը կարելի է կառուցել բարձրահարկ, կիրառելով այնպիսի կոնստրուկտիվ սխեմաներ, որոնք իրենց արդարացրին երկրաշարժի ժամանակ: Իսկ Լենինականի տարածքում, հաշվի առնելով նշված հանգամանքները և գրունտային ջրերի մակարդակի բարձրացումը, կառուցել 3-4 հարկից ոչ ավելի բնակելի շենքեր, մոնոլիթ երկաթբետոնից խոշորապանել և նույնիսկ քարե պատերով: Սակայն մասնագետների կարծիքը հաշվի չառնվեց և Լենինականում քննարկման դրվեց միայն երկրորդ տարբերակը, որտեղ այն նորից հավանության չարժանացավ: Արդարացի էր Լենինականցիների դժգոհությունը, որ քննարկման է ներկայացվել միայն այդ տարբերակը: Մարտի 29-ին Լենինականի թատրոնի շենքում տեղի ունեցավ երրորդ և վերջին քնարկումը այդ չարաբաստիկ երկրորդ տարբերակի: Առաջին տարբերակի մասին նույնիսկ չհիշատակվեց: Մինչդեռ հայ մասնագետները ավելի համախմբված դուրս եկան այդ տարբերակի դեմ: Քննարկման ընթացքում ի հայտ եկան նոր փաստարկներ, որոնք անընդունելի էին դարձնում քննարկվող տարբերակը: Մեր ելույթում մենք նշեցինք, որ Լենինականի վերականգնման և վերակառուցման պրոբլեմը նույնքան ծանր խնդիր է, ինչքան Սևանի կամ ատոմակայանի խնդիրները: Այն վերաբերվում է ոչ միայն Լենինականցիներին, այլ ամբողջ հայ ժողովրդին և պահանջում է, որ մենք ընդունենք կշռադատված և ճիշտ որոշում՝ սերունդների առաջ մեծագույն պատասխանատվության զգացումով: Ընդդիմախոս կողմը, որը արտահայտում էր պաշտոնական կարծիքը, վկայակոչում էր հեղինակություններ, ասելով, թե դեռ դեկտեմբերի 21-ին Հայաստանի գիտությունների ակադեմիան և մի շարք հայտնի հայ գիտնականներ գտել են, որ Լենինականի կառուցումը հյուսիս-արևմտյան ուղղությամբ նպատակահարմար է: Մեզ անհայտ մնաց, թե ինչից ելնելով են հարգելի գիտնականները այդ դժվարին պրոբլեմը այդպես հեշտորեն լուծել երկրաշարժից ընդամենը երկու շաբաթ անց, գուցե նրանք նույնպես աշտոնական կարծիք են արտահայտել, դժվար է ասել,այդ հարցին իրենք պետք է պատասխանեն: Սակայն զարմանալին այն է, որ 6 ժամ տևած քննարկումը հեռուստատեսությունը լրիվ տեսագրեց, բայց այդ մասին հաղորդում չտրվեց և ոչ էլ թերթերը գրեցին այդ մասին: Կարճ ժամանակ հետո հայտնի դարձավ, որ կոմկուսի քաղբյուրոյի հանձնաժողովը հավանություն է տվել Լենինականի և Կիրովականի գլխավոր հատակագծերին, իսկ մինիստրների խորհուրդը հատատել է դրանք: Կարելի էր այդ մասին չխոսել, բայց տարօրինակությունները շարունակվեցին: Մայիս ամսին, չնայած, որ լայն թափով սկսվել էր շնարարությունը Լենինականի հյուսիս-արևմտյան մասում, քաղբյուրոյի հանձնաժողովը գտավ, որ սխալ է տեղի ունեցել, հարկավոր կառուցել նաև հարավ-արևելյան ուղղությամբ: «Հայպետնախագիծ» ինստիտուտին առաջադրանք տրվեց մշակել գլխավոր հատակագիծ նաև այդ տեղանքի համար: Միաժամանակ ցուցոմ էր տրվել, որ այնտեղ իրականացվի անհատական տների շինարարություն, որը մեր կարծիքով նորից սխալ է: Ինչպես արդեն նշվեց, ամուր գրունտների վրա նպատակահարմար է կառուցել բարձրահարկ շենքեր, իսկ թույլ գրունտների վրա ցածրահարկ: Այդ պատճառով էլ մեր ասածի իմաստն այն է, որ հարավ-արևելքում քաղաք կառուցվի իր ամեն ինչով և առաջին հերթին արդյունաբերությամբ: Քանի որ հողերը արդեն ավերվել են, ապա չարյաց փոքրագույնը կլինի, որ հյուսիս-արևմուտքում և բուն քաղաքի տարածքում իրականացվի բնակելի և անհատական տների շիարարություն:
Այսօր մենք կանգնած ենք կատարված փաստի առաջ: Քաղաքը կառուցվում է հյուսիս-արևմուտքում, որը չէր կարելի անել, կենտրոնը ավերվում է, հարավ-արևելքում առաջարկվում է անհատական տների շինարարություն, որը նույնպես նպատակահարմար չէ, արդյունքում Լենինականը կձգվի 15-20 կմ և կկորցնի կոմպակտ քաղաքի իր առավելությունը: Ինչու՞այսպես եղավ, ո՞վ է պատասխան տալու, հայտնի չէ:
Հաճախ հարց են տալիս, թեկուզ և սխալ, բայց արդեն որոշված է այդպես կառուցել, արժե նորից ու նորից անդրադառնալ, այդ խնդրին, որը բացասական կարող է ազդել Լենինականցիների հոգեբանության վրա: Պատասխանը մեկն է, այսօր և միշտ մենք պետք է, առաջին հերթին և գլխավորապես, մտածենք ապագա սերունդների համար: Հակառակ դեպքում մեր երեխաները ավելի ծանր իրավիճակի մեջ կընկնեն, քան մենք ենք հայտնվել:
3. Եզրակացություններ և առաջարկություններ

Տարիներ շարունակ սեյսմակայուն շինարարություն հարցերին նվիրված դասախոսություններ կարդալիս իմ ուկնդիրներին տագնապով ասում էի, թե աստված չանի, որ 8-բալանոց երկրաշարժ տեղի ունենա մեր հանրապետությունում, բոլոր նորակառույց շենքերը կավերվեն: Դժբախտաբար այդպես էլ եղավ: Ես նկատի ունեի, որ սեյսմակայուն շինարարությունը, ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մյուս քաղաքներում, մեծ սխալներով է կատարվում: Եվ ցավալին այն էր, որ ոչ մի կերպ հնարավոր չէր ազդել այդ արատավոր պրակտիկայի վրա: Օրինակ, դեռ 1978 թ. աշխատանքի բերումով գտնվելով Լենինականում, քաղաքի շինարարության ղեկավարներին իմ կարծիքը հայտնեցի, որ լավ կլինի 111 սերիայի շենքերը Լենինականում չկառուցել, քանի որ դրանք սեյսմակսյուն չեն, ունեն շատ թերություններ, իսկ Լենինականը երկրաշարժերի տեսակետից ավելի վտանգավոր գոտում է գտնվում: Հատկապես, որ այդ սերիայի շենքերի կոնստրուկցիաների արտադրության համար Լենինականում դեռ գործարան չկար, և շինարարությունը իրականացվում էր Երևանից տարած կոնստրուկցիաներով: Սակայն պատասխանը եղավ, որ իրենց առաջարկված է դրանք կառուցել, և վե՛րջ: Ինչպես հայտնի է այդ սերիայի շենքերը հիմնականում ավերվեցին կամ ստացան ծանր վնասվածքներ: Ես նույնիսկ կարծիք հայտնեցի, որ լավ կլինի Լենինականում կառուցել խոշորապանել շենքեր, որը և արվեց, բայց չափազանց ուշացումով: Այս շենքերը երկրաշարժից բոլորովին չեն տուժել և ներկայումս շահագործվում են, բայց դրանց քանակը քիչ է, քանի որ սկսել էին կառուցել միայն վերջին տարիներին: Եթե 111 սերիայի շենքեր չկառուցվեին Լենինականում, ապա երկրաշարժը այսպիսի ողբերգական հետևանք չէր ունենա: Եվ ոչ միայն այդ սերիայի բնակելի շենքերը, այլ նաև շատ հասարակական շենքեր՝ դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, վարչական և որոշ արդյունաբերական շենքեր, որոնք իրականացվել են նույն այդ չարաբաստիկ ИИС-04 մակնիշը կրող կոնստրուկցիաներով, խիստ տուժել են երկրաշարժից: Դրանց մի մասը չի ավերվել միայն այն պատճառով, որ հարկայնությունը փոքր է եղել: Ցավոք սրտի այդ շենքերից շատ են կառուցվել նաև հանրապետության մյուս քաղաքներում և հատկապես Երևանում: Դրանց ուժեղացման հարցը դժվարին խնդիր է լինելու և մեծ ջանքեր ու միջոցներ կպահանջի, բայց պետք է անել, եթե չենք ուզում նոր ողբերգության պատճառ դառնալ:
Մենք նշեցինք մի շարք սխալներ, որոնք թույլ են տրվել սեյսմիկ շրջանացման և միկրոշրջանացման քարտեզներ կազմելիս, սխալներ, որոնք կապված էին հավաքովի տիպային և բազմահարկ կարկասային շինարարության անցնելու հետ և այլն: Շատ սխալների պատճառը մեր նախնիների բազմադարյան շիանարարական փորձի չօգտագործելն էր: Վերջին տասնամյակներին մեծ թեքություններ ունեցող լանջերի և բարձրությունների վրա, ինչպես օրինակ Նորքի զանգվածներոմ, Ավանում և այլն, որոնք սեյսմիկ տեսակետից անբարենպաստ են, կառուցվեցին բարձրահարկ, իսկ ցածրադիր մասերում՝ ավելի ցածրահարկ շենքեր: Ճարտարապետների հիմնավորումն այն է, որ դրանով շեշտում են ռելյեֆը, իսկ որ դա սեյսմիկ տեսակետից նպատակահարմար չէ, որ դրա պատճառով շատ անհարմարություններ են առաջանում, նրանց քիչ է մտահոգում: Չէ որ դարեր շարունակ մեր նախնիները թեք լանջերը կառուցապատել են խորը խանդակավորման եղանակով: Այժմ էլ, եթե թեք լանջերը կառուցապատվեն ցածրահարկ շենքերով, օգտագործելով խոր խանդակավորման սկզբունքը, ապա նույն տարածքի վրա ավելի շատ մարդկանց կարելի է ապահովել բնակարաններով, քան բարձրահարկ շենքերի դեպքում: Սեյսմիկ տեսակետից անբարենպաստ է համարվում նաև բարձրահարկ շենքերի կառուցումը նստվածքային թույլ գրունտների վրա, ձորաբերանին, գրունտային ջրերի բարձր մակարդակ դեպքում և այլն: Կարելի է բերել շատ օրիինակներ, որ նման սխալներ թույլ են տրված և Երևանում և մյուս քաղաքներում: Օրինակ Էրեբունի թաղամասը, Հրազդանի կիրճին հարող տեղամասերը և այլն: Սպիտակի երկրաշարժի ժամանակ նշված բոլոր գործոնները իրենց բացասական դերը խաղացին շենքերի ավերման գործում ինչպես Սպիտակում, այնպես էլ Լենինական և Կիրովական քաղաքներում:
Սպիտակի երկրաշարժը ամենայն սրությամբ դնում է նաև Երևանի պրոբլեմը: Եթե մինչև այժմ Երևանի այսքան մեծ չափերով մեծացումը ուներ իր կողմնակիցները, ապա երկրաշարժից հետո բոլորը համոզվեցին, որ դա գլխովին սխալ է եղել: Մենք չպետք է մոռանանք, որ շատ ուժեղ երկրաշարժեր, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, ունեցել են էպիկենտրոններ, որոնք հեռու չեն եղել Երևանից, դրանք են 893 թ. մարտի 23-ի Դվինի երկրաշարժը, 1679 թ. հուլիսի 4-ի Գառնիի երկրաշարժը, 1840 թ. հուլիսի 2-ի Արարատյան երկրաշարժը, Երևանի երկրաշարժը Փարաքարի էպիկենտրոնով 1937թ. հունվարի 7-ին և 1984 թ. օգոստոսի 2-ին և վերջապես Բյուրականի երկրաշարժը 1949 թ. հուլիսի 3-ին: Հայտնի է, որ ժամանակի իմաստով ինչքան հեռանում ենք ուժեղ երկրաշարժերից, այնքան վտանգը մեծանում է, որ դրանք կարող են կրկնվել: Բացի այդ, Սպիտակի երկրաշարժի հետևանքով հնարավոր է լարումների վերաբաշխում և նշված էպիկենտրոնների ակտիվացում: Հետևաբար առաջնային խնդիր պետք է լինի նշված և հնարավոր էպիկենտրոնների շրջանում երկրաբանական և սեյսմոլոգիական հետազոտությունների կատարումը: Երկրորդ, պետք է ուղիներ գտնել քաղաքի աճը կանգնեցնելու համար: Դա հնարավոր է, եթե որոշ արդյունաբերական ձեռնարկություններ, առաջին հերթին քիմիական, հանվեն քաղաքից և կառուցվեն ուրիշ տեղ, օրինակ Թալինի տարածքում, աստիճանաբար այնտեղ արդյունաբերական կենտրոն ստեղծելու հեռանկարով: Երրորդ, հնարավորին չափ արագ անցկացնել շենքերի տեխնիկական վիճակի անձնագրավորում: Հայտնի է, որ Երևանում ավելի շատ են կառուցված բոլոր այն շենքերից, որոնք ավերվեցին երկրաշարժի գոտու քաղաքներում: Մեծ մասամբ, ինչպես տեսանք, դրանք կառուցված են կոնստրուկտիվ և այլ բնույթի սխալներով և պահանջում են մտածված ուժեղացումներ: Բայց վախեցնում է մեկ այլ բան, որ շարունակվում է շենքերի շինարարությունը իրենց չարդարացրած կոնստրուկցիաներով, ավելի լավը չունենալու պատճառով: Առաջին հերթին դա վերաբերվում է ИИС-04 կոնստրուկցիաներով շենքերին: Տագնապի տեղիք է տալիս նաև 16 հարկանի կարկասային շենքերի կառուցումը «Մանուկյանի» կոնստրուկցիաներով: Չորրորդ, մեծ թվով կոոպերատիվներ շինարարական գործունեություն են ծավալել շենքերի ներքնահարկերում և հաճախ թուլացնում են շենքերի հիմքերը: Անհրաժեշտ է խստորեն հետևել, որ դա տեղի չունենա: Հինգերորդ, բնակելի շինարարությունը Երևանի համար հարկավոր է զարգացնել արբանյակ քաղաքներում և այլն: Այսպիսին է իրողությունը: Նախկինում թույլ տրված սխալները բարդվելով միմյանց վրա ստեղծել են ծանր պրոբլեմներ, որոնց հաղթահարման համար անրաժեշտ է մեր ժողովրդի համահավաք ուժը: Այդպիսի մի մեծ պրոբլեմ է նաև սեյսմակայուն շինարարության զարգացումը մեր հանրապետությունում, որի լուծմանը պետք է մասնակցեն բոլորը՝ ղեկավարից մինչև բանվոր, գիտնականից մինչև ուսանող, նախագծողից մինչև շինարար ինժեներ: Համազգային ծրագիրը, եթե այն ընդունվի պետք է կարողանա լուծել երեք հիմնական խնդիր.
1) Համակողմանի և խորը վերլուծության ենթարկել Սպիտակի երկրաշարժի փորձը, օգտագործելով ինչպես մեր երկրի, այնպես էլ արտասահմանյան մասնագետների հետազոտությունների արդյուքները: Ցավոք, մենք դեռ շատ քիչ բան գիտենք նրանց ստացած տվյալների մասին, քանի որ դրանք մեր մասնագետների կողմից համակարգված չեն և չեն հրապարակվել: Դրա համար անհրաժեշտ է ստեղծել կենտրոն, ցանկալի է ճարարապետա-շիանարարական նորաստեղծ ինստիտուտում, որտեղ ի մի կբերվեն և կմշակվեն Սպիտակի երկրաշարժին վերաբերվող բոլոր նյութերը, որոնք այսօր ցրված են տասնյակ ինստիտուտներում: Եվ ոչ միայն Սպիտակի երկրաշարժի մասին: Այդ կենտրոնի խնդիրը պետք է լինի ուսումնասիրել և համակարգել Հայաստանում և հարևան շրջաններում տեղի ունեցած բոլոր երկրաշարժերի մասին տվյալներ, հիմնավորված սեյսմիկ շրջանացման քարտեզներ կազմելու համար:
2) Մշակել հետազոտությունների լայն ծրագիր երկրաբանության, սեյսմոլոգիայի, քաղաքաշինության, ճարտարապետության բնագավառներում, որոնք ուղղված կլինեն սեյսմակայուն շինարարության հետագա զարգացմանը մեր հանրապետությունում: Ընդ որում, պետք է լայնորեն օգտագործել համաշխարհային սեյսմակայուն շինարարության փորձը, որը առ այսօր քիչ է ուսումնասիրվել մեր մասնագետների կողմից:
3) Մշակել երկրաշարժից տուժած քաղաքների ու գյուղերի վերականգնման ու վերակառուցման նախագծեր, օգտագործելով Սպիտակի երկրաշարժի փորձը և արված մասնագիտական եզրակացությունները: Այսօր դա անհրաժեշտ չափով չի արվում, այդ պատճառով էլ հաճախ հանգեցնում է սխալ որոշումների:
ԵրՊԻ դոցենտ, տ. գ. թ.  Ի. Ս. Պալյան

Երևան, 13 սեպտեմբերի 1989 թ.

 

Ամփոփում

2008 թվականին լրանում է Սպիտակի երկրաշարժի 20 ամյակը: Այս ընթացքում հայ մասնագետների կողմից մեծ աշխատանք է կատարվել ավերիչ երկրաշարժի դասերը հասկանալու և դրանք ճիշտ ձևով օգտագործելու համար: Մշակվել են սեյսմակայուն շինարարության ազգայի նորմեր (ՀՀՇՆ II-2.02-94), որոնք սկսվել են կիրառվել 1995 թ. ապրիլից սկսած: 2006 թվականից սկսած գործում են վերամշակված նոր նորմեր (ՀՀՇՆ II- 6.02-2006):
Հրատարակվել են բազմաթիվ հոդվածներ, գրքեր, որոնցում տարբեր տեսանկյուններից քննարկվում են Սպիտակի երկրաշարժին վերաբերվող հարցեր, օրինակ աղետի 10-ամյակի առիթով ռուսերեն լեզվով լույս տեսած «Սպիտակի ողբերգությունը չպետք է կրկնվի» գիրքը: Այս աշխատանքը պետք է շարունակել, ի մի բերել բոլոր նյութերը մեկ կենտրոնում, մեկ ինտերնետային կայքում և այդ կենտրոնի դեր կարող է և պետք է ստանձնի Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, որտեղ աշխատում են սեյսմակայուն շինարարության շատ հայտնի մասնագետներ:
Գրքույկի վերջում բերված է Սպիտակի Երկրաշարժին նվիրված անհրաժեշտ գրականության ցանկ, հետաքրքրասեր ընթեցողը այդ գրքերում կգտնի բոլոր այն հարցերի գիտական պատասխանը, որոնց մասին հանրամատչելի կերպով խոսվեց դեռ 19 տարի առաջ գրված մեր այս աշխատանքում:
Մի մտահոգիչ փաստ, որի մասին գրել եմ դեռ 19 տարի առաջ, այսօր էլ անհանգստացնում է ինձ. դա Երևանի խիտ կառուցապտումն է բարձրահարկ բնակելի շենքերով, որը արդարացված չէ որևէ անհրաժեշտությամբ: Թեև դրանք հաշվարկվում և նախագծվում են սեյսմակայուն շինարարության վերամշակված նորմերի հիման վրա, հաճախ միաձույլ երկաթբետոնից, բայց արդյո՞ք լիովին օգտագործվում է Սպիտակի երկրաշարժի փորձը, դժվար է ասել, քանի որ շատ նախագծողներ ու շինարարներ այդ փորձին այնքան էլ ծանոթ չեն: Շինարարության բնագավառում խորհրդային տարիներին գոյություն ունեցող շատ արատավոր բաներ այսօր էլ դեռ գոյություն ունեն և դրանցից ազատվելու խնդիր կա:
Սեյսմակայուն շինարարությունը ազգային անվտանգության կարևոր բաղկացուցիչ մասն է կազմում, այն պահանջում է հայ ժողովրդի մտավոր, ֆիզիկական և նյութական ուժերի լարում և միայն դրանց արդյունավետ օգտագործման դեպքում վստահություն կլինի, որ Սպիտակի ողբերգությունը մեր երկրում ալևս չի կրկնվի:

Գրականություն

1. Трагедия Спитака не должна повториться. (к 10-летию Спитакского землетрясения). Отв. ред. Академик НАН РА Э.Е. Хачиян. Изд. ”Воскан Ереванци”, Ереван, 1998, 264 стр.
2. Խաչիյան Էդուարդ «Կիրառական երկրաշարժագիտություն», Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2001 թ., 320 էջ:
3. ՀՀՇՆ II-6.02-2006: Սեյսմակայուն շինարարության նախագծման նորմեր: Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, Երևան, 2006 թ. (հայերեն (62 էջ) և ռուսերեն (58 էջ) լեզուներով):

Leave a Reply