Links

Կայքի մասին 5 տարի անց

Սպիտակի երկրաշարժի 20 ամյակի առթիվ 5 տարի առաջ՝ 2008 թվականի հունվարին, մեր միջոցներով գործարկեցինք www.spitakseism.info ինտերնետային կայքը, որը պետականորեն չէր արվել: Մտադրություն կար մի տեղ հավաքել Սպիտակի երկրաշարժի ծանր հետևանքների մասին հնարավորին չափ շատ հետազոտական նյութեր՝ հայերեն« ռուսերեն« անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, որը անհրաժեշտ է հայ երիտասարդությանը, խուսափելու համար այն սխալներից, որ թույլ էր տրվել անցյալում:

Անցած 5 տարիներին, ցավոք, մեզ չհաջողվեց անհրաժեշտ չափով զարգացնել և հարստացնել կայքը, բավարար միջոցներ չունենալու պատճառով: Ոչ պատկան նախարարությունները /քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների/, ոչ նրանց ենթակա ինստիտուտների ղեկավարները, ոչ շինարարների միությունը, ոչ անհատ բարեգործները և ոչ էլ անգամ Վարչապետը, որոնց մենք դիմեցինք աջակցության համար, չուզեցին հասկանալ կայքի կարևորությունը մեր երկրի և ժողովրդի համար:

2013 թ. նշելու ենք Սպիտակի երկրաշարժի 25 ամյակը, համոզված եմ, որ երկրաշարժի ծանր հետևանքների դասերը բավարար չափով ուսումնասիրված չեն մայրաքաղաք Երևանի և հանրապետության մյուս քաղաքների սեյսմիկ ռիսկի գնահատման տեսակետից, որը կառավարության գերակա խնդիրներից է հայտարարված, և www.spitakseism.info կայքի զարգացումն ու հարստացումը կօգնի այդ խնդրի լուծմանը:

2010 թ. նոյեմբերին կայքը, և Սպիտակի երկրաշարժի փորձի հիման վրա Երևանի առանձին թաղամասերի համար սեյսմիկ ռիսկի գնահատման մեր կողմից մշակվող մեթոդը, ներկայացրեցինք Գիտության Պետական Կոմիտեի կողմից հայտարարված մրցույթին, սակայն մեզ համար անհասկանալի պատճառով այն փորձաքննության չուղարկվեց, և նույնիսկ կասկածում եմ, որ որևէ մեկը կայք այցելեց և գնահատեց նրա կարևորությունը:

2012 թ. հոկտեմբերին աջակցության խնդրանքով դիմեցի Կրթության նախարարին և Հանրապետության Նախագահին: Կրթության և գիտության նախարարությունից բանավոր պատասխանեցին, որ բյուջեում կայքի համար ֆինանսավորում չի նախատեսված, իսկ Նախագահի աշխատակազմից էլ տեղեկացրին, որ Նախագահը նման հարցերով չի զբաղվում, ու նորից կասկած մնաց, որ որևէ մեկը, նման պատասխան տալուց առաջ, այցելել է կայք և հասկացել նրա կարևորությունը՝ հենց իր անվտանգության տեսանկյունից: Մեր երկրի սեյսմիկ անվտանգության խնդրի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը վստահություն չի ներշնչում, որ Սպիտակի երկրաշարժի ողբերգությունը չի կրկնվի:

Անցած 5 տարիներին կայքը մեր կողմից հիմնականում օգտագործվեց ուսանողների և մագիստրանտների անհատական և ավարտական աշխատանքները կատարելու համար, որը բավարար չէ: Տարբեր երկրների հաստատություններում ու անհատ հետազոտողների արխիվներում կուտակված նյութը Սպիտակի երկրաշարժի ծանր հետևանքների մասին հսկայական է, սակայն այն անհասանելի է սեյսմակայուն շինարարության բնագավառի մեր մասնագետների համար և միայն իտերնետային կայքի միջոցով հնարավոր կլինի այդ բացը լրացնել:

Կայքից ստացած ձեր տպավորությունների և առաջարկությունների մասին գրեք մեզ info@spitakseism.info հասցեով:

Իոսիֆ Պալյան

22 հունվարի 2013 թ.

Comments are closed.