Links

Կայքի մասին

2008 թվականին լրանում է Սպիտակի երկրաշարժի 20 ամյակը: Հայ ժողովրդի հիշողության մեջ այդ երկրաշարժը առանձնանում է նրանով, որ երկրաշարժի հետևանքները շատ ծանր եղան նորանկախ Հայաստանի Հանրապետության համար: Մարդկային և նյութական հսկայաքանակ կորուստները հետևանք էին ոչ միայն տարերային աղետի աննախադեպ հզորությանը, այլ այն սխալների, որ թույլ էին տրվել սեյսմակայուն շինարարության բնագավառում:

Սպիտակի երկրաշարժի և նրա հետևանքների ուսումնասիրությամբ զբաղվել են ոչ միայն Հայաստանի, այլ արտասահմանյան մի շարք երկրների բազմաթիվ մասնագետներ: Ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով հրատարակվել են բազմաթիվ հոդվածներ, գրքեր, որոնցում տարբեր տեսանկյուններից քննարկվել են Սպիտակի երկրաշարժին վերաբերվող զանազան հարցեր: Աղետի 10-ամյակի առիթով ռուսերեն լեզվով լույս է տեսել «Սպիտակի ողբերգությունը չպետք է կրկնվի» գիրքը, սակայն մինչև այժմ չէր ստեղծվել հայկական ինտերնետային կայք, որտեղ կարող էին ի մի բերվել Սպիտակի երկրաշարժին վերաբերվող բոլոր նյութերը, որոնք սփռված են աշխարհով մեկ:


Մեր այս կայքի նպատակն է, առաջին հերթին, ի մի բերել Սպիտակի երկրաշարժին վերաբերվող բոլոր գիտական, ինչու չէ, նաև հրապարակախոսական, վիճակագրական և այլ կարգի նյութեր: Կայքում կլուսաբանվեն հայոց լեռնաշխարհում տեղի ունեցած և հայ պատմիչների կողմից նկարագրված երկրաշարժերը, ինչպես նաև պատմական Հայաստանի հարևան երկրներում տեղի ունեցած երկրաշարժերը: Կայքում տեղ կգտնեն նաև կործանարար երկրաշարժերի մասին տեղեկատվություն, սեյսմակայուն շինարարության բնագավառի համաշխարհային փորձը և այլն:

Սեյսմակայուն շինարարարության և ինժեներային սեյսմալոգիայի բնագավառը բարդ է և շատ ընդգրկուն: Նախաձեռնելով մի այսպիսի աշխատանք, հույսով ենք, որ Սպիտակի երկրաշարժի 20 ամյակի առիթով ստեղծված մեր այս կայքը կունենա իր շարունակությունը և Երևանի ճարտարապետության ու շինարարության պետական համալսարանի ուսանողներն ու երիտասարդ մասնագետները իրենց ակտիվ մասնակցությունը կբերեն այս կայքի զարգացմանն ու ընդարձակմանը:

www.spitakseism.info կայքում տեղադրվող առաջին նյութը մեր կողմից դեռ 19 տարի առաջ գրված ծավալուն հոդվածն է՝ «Սպիտակի երկրաշարժի դասերը և աղետի գոտու վերականգնման խնդիրները», որը տարբեր պատճառներով մինչև այժմ չէր հրատարակվել, բայց դրանից չի կորցրել ոչ իր կարևորությունը և ոչ էլ իր արդիականությունը:

Սպիտակի երկրաշարժի վերաբերյալ նյութերի ընտրությունը և դրանց տեղադրումը կայքում հնարավոր է անհատ մարդկանց (հեղինակների) և շահագրգիռ կազմակերպությունների (քաղաքաշինության նախարարություն, շինարարների միություն և այլն) աջակցության դեպքում, որը մենք հույս ունենք ստանալ մեր այս կայքը գործարկելուց հետո:

Իոսիֆ Պալյան

19 հունվարի, 2008 թ.

Comments are closed.