Կայքի մասին 5 տարի անց
Սպիտակի երկրաշարժի 20 ամյակի առթիվ 5 տարի առաջ՝ 2008 թվականի հունվարին, մեր միջոցներով գործարկեցինք www.spitakseism.info ինտերնետային կայքը, որը պետականորեն չէր արվել: Մտադրություն կար մի տեղ հավաքել Սպիտակի երկրաշարժի ծանր հետևանքների մասին հնարավորին չափ շատ հետազոտական նյութեր՝ հայերեն« ռուսերեն« անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, որը անհրաժեշտ է հայ երիտասարդությանը, խուսափելու համար այն սխալներից, որ թույլ էր տրվել անցյալում:
Անցած 5 տարիներին, ցավոք, մեզ չհաջողվեց անհրաժեշտ չափով զարգացնել և հարստացնել կայքը, բավարար միջոցներ չունենալու պատճառով: Ոչ պատկան նախարարությունները /քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների/, ոչ նրանց ենթակա ինստիտուտների ղեկավարները, ոչ շինարարների միությունը, ոչ անհատ բարեգործները և ոչ էլ անգամ Վարչապետը, որոնց մենք դիմեցինք աջակցության համար, չուզեցին հասկանալ կայքի կարևորությունը մեր երկրի և ժողովրդի համար:
Ճանաչենք մեր շենքերը, որտեղ ապրում ենք
Այս խորագրի տակ ներկայացնոմ ենք Սպիտակի երկրաշարժից առաջ կառուցված մի քանի տիպի շենքերը, որոնք այս կամ այն չափով վնասվեցին կամ քանդվեցին աղետի գոտում, և որոնցից շատ կան կառուցված ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության այլ քաղաքներում: Նպատակն է, որ մեր բնակիչները ճանաչեն իրենց ապրած շենքերը և իրենց գործողություններով չվնասեն դրանց, ընդհակառակը, օգնեն, որ դրանք լավ պահպանվեն: Որոշ տեղեկությունններ այդ շենքերի մասին բերված են կայքում տեղադրված մեր հոդվածում՝ «Սպիտակի երկրաշարժի դասերը և աղետի գոտու վերականգնման խնդիրները», որ մենք գրել ենք երկրաշարժի հետևանքների ուսումնասիրության հիման վրա 1989 թ. սեպտեմբերին : Ավելի մանրամասն տեղեկություններ պահվում են մեր արխիվում, որ մենք կարող ենք տրամադրել բոլոր նրանց, որոնք անտարբեր չեն իրենց ապրած շենքերի ճակատագրի նկատմամբ : Continue reading