Սպիտակի երկրաշարժի դասերը և աղետի գոտու վերականգնման խնդիրները
Նախաբան
20-րդ դարի վերջին, իսկ ավելի ճշգրիտ 1988 թվականին, Հայաստանի բնակչությունը և ամբողջ հայ ժողովուրդը երկու մեծ ցնցում ապրեցին: Դրանցից առաջինը ղարաբաղյան շարժումն էր, որը վերաճեց Արցախի ազատագրական պատերազմի և ավարտվեց հայ ժողովրդի հաղթանակով: Չնայած մարդկային և նյութական մեծ կորուստներին, այսօր Արցախը անկախ է և Մայր Հայաստանի հետ միասին նոր կյանք է կառուցում: Երկրորդը Սպիտակի երկրաշարժն էր, որը իր երկու` իրար հաջորդող հզոր ցնցումներով Հայաստանի Խորհրդային Հանրապետության մի զգալի հատվածը՝ 700 հազարից ավել բնակչությամբ, մի քանի վայրկյանում վերածեց աղետի գոտու: Բնական աղետից մարդկային ու նյութական կորուստները շատ ավելին եղան, քան արցախյան ազատամարտի 6 տարիներին, իսկ հետևանքները ավելի ծանր, որոնք լիովին դեռ հաղթահարված չեն, թեև 20 տարի է անցել 1988 թ. դեկտեմբերի 7-ից հետո:
Ճանաչենք մեր շենքերը, որտեղ ապրում ենք
Այս խորագրի տակ ներկայացնոմ ենք Սպիտակի երկրաշարժից առաջ կառուցված մի քանի տիպի շենքերը, որոնք այս կամ այն չափով վնասվեցին կամ քանդվեցին աղետի գոտում, և որոնցից շատ կան կառուցված ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության այլ քաղաքներում: Նպատակն է, որ մեր բնակիչները ճանաչեն իրենց ապրած շենքերը և իրենց գործողություններով չվնասեն դրանց, ընդհակառակը, օգնեն, որ դրանք լավ պահպանվեն: Որոշ տեղեկությունններ այդ շենքերի մասին բերված են կայքում տեղադրված մեր հոդվածում՝ «Սպիտակի երկրաշարժի դասերը և աղետի գոտու վերականգնման խնդիրները», որ մենք գրել ենք երկրաշարժի հետևանքների ուսումնասիրության հիման վրա 1989 թ. սեպտեմբերին : Ավելի մանրամասն տեղեկություններ պահվում են մեր արխիվում, որ մենք կարող ենք տրամադրել բոլոր նրանց, որոնք անտարբեր չեն իրենց ապրած շենքերի ճակատագրի նկատմամբ : Continue reading
Լենինական քաղաքի (այժմ Գյումրի) վերականգնման և վերակառուցման խնդիրների մասին՝ 25 տարի անց
Իոսիֆ Պալյան
ՃՇՀԱՀ դոցենտ, տեխ. գիտ. թեկնածու
Սպիտակի երկրաշարժի 20 ամյակի առթիվ ստեղծված www.spitakseism.info ինտերնետային կայքում տեղադրված մեր՝ «Սպիտակի երկրաշարժի դասերը և աղետի գոտու վերականգնման խնդիրները» ծավալուն հոդվածում, որը մենք գրել ենք 1989 թ. փետրվար-սեպտեմբեր ամիսներին, միայն 10 էջ նվիրված է աղետի գոտու, մասնավորապես Լենինական քաղաքի /այժմ Գյումրի/ վերականգնման և վերակառուցման խնդիրներին: Մեր այդ հոդվածում, որը, նույնիսկ այսօր գրելու դեպքում, ավելի լավ չէի գրի, քան 25 տարի առաջ, ըստ էության, բավականաչափ մանրամասն վեր են հանված նշված խնդիրները: Մեզ համար անհասկանալի պատճառներով հոդվածը երկար տարիներ չէր տպագրվում, և, միայն վերջերս, Սպիտակի երկրաշարժի 25 ամյակի առթիվ. այն լույս տեսավ «Ճարտարապետություն և շինարարություն» ամսագրի 2013 թ. 12 համարում «Սպիտակի երկրաշարժ. 25-ամյա վաղեմության վավերագրեր» վերնագրով»: Ընթերցողը այժմ հնարավորություն ունի ծանոթանալ Սպիտակի երկրաշարժից տուժած քաղաքների վերականգնման և վերակառուցման խնդիրների վերաբերող մեր մտահոգություններին, կարդալով կայքում տեղադրված և ամսագրում տպագրված մեր այդ հոդվածները [1,2]:
Կայքի մասին 5 տարի անց
Սպիտակի երկրաշարժի 20 ամյակի առթիվ 5 տարի առաջ՝ 2008 թվականի հունվարին, մեր միջոցներով գործարկեցինք www.spitakseism.info ինտերնետային կայքը, որը պետականորեն չէր արվել: Մտադրություն կար մի տեղ հավաքել Սպիտակի երկրաշարժի ծանր հետևանքների մասին հնարավորին չափ շատ հետազոտական նյութեր՝ հայերեն« ռուսերեն« անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, որը անհրաժեշտ է հայ երիտասարդությանը, խուսափելու համար այն սխալներից, որ թույլ էր տրվել անցյալում:
Անցած 5 տարիներին, ցավոք, մեզ չհաջողվեց անհրաժեշտ չափով զարգացնել և հարստացնել կայքը, բավարար միջոցներ չունենալու պատճառով: Ոչ պատկան նախարարությունները /քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների/, ոչ նրանց ենթակա ինստիտուտների ղեկավարները, ոչ շինարարների միությունը, ոչ անհատ բարեգործները և ոչ էլ անգամ Վարչապետը, որոնց մենք դիմեցինք աջակցության համար, չուզեցին հասկանալ կայքի կարևորությունը մեր երկրի և ժողովրդի համար: